ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ Թուրքիան սկսել է նախապատվությունը տալ քրդական գործոնի դեմ իր պայքարին և դրա ապացույցը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող թուրք-քրդական հակասություններն են։
Վերջինս նշեց, որ Թուրքիան կարևոր խաղացող է Սիրիայում և մի կողմից ձգտում է, որ Ասադի իշխանությունը փոխվի և Ասադը հեռանա, մյուս կողմից՝ փորձում է ամեն ինչ անել, որ քրդական գործոնը չուժեղանա. «ԱՄՆ-ը նույնպես ձգտում է, որ Ասադի իշխանությունը փոխվի: Մյուս կողմից էլ նրանց կարևոր ռազմավարական նպատակն է՝ թույլ չտալ, որ Սիրիայում ուժեղանա Իրանի ազդեցությունը»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, արևելագետն ասաց, որ այս երկիրը ձգտում է Ասադի կառավարության և Սիրիայի տարածքային ամբողջության պահպանմանը. «Իրանը նույնպես նմանատիպ նպատակներ ունի: Այս երկրները սրանով ցանկանում են պահպանել իրենց ազդեցությունը Սիրիայի վրա»:
Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիան Սիրիային դեմ վերջին օրերի ագրեսիայով կտրուկ փոխեց իրադրությունը և թուրքական քաղաքական բոլոր կուսակցությունները, բացի քրդամետ Ժողովրդավարական կուսակցությունից, կողմ են Էրդողանի նախաձեռնած Աֆրինի գործողություններին․«Հիմա դժվար է ասել, թե Սիրիայում ինչպես կընթանան ռազմական գործողությունները, բայց Թուրքիային հաջողվեց հաղթանակի հասնել իր երկրի ներսում և իր շուրջը համախմբել քաղաքական հիմնական սպեկտորը»։
Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիան կարողացավ ստանալ նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի թույլտվությունը և սկսեց ռազմական ագրեսիան Սիրիայի դեմ․ «Մենք տեսանք, որ Սիրիայի կառավարությունը հայտարարում էր, որ ամեն ինչ կանի այդ ագրեսիայի դեմ պայքարելու, բայց, ըստ էության, չարեց: Այսինքն՝ դիվանագիտական առումով՝ Թուրքիային հաջողվեց ապահովել, եթե ոչ օժանդակություն, ապա լուռ հավանություն իր գործողություններին: Իհարկե, սա հենց այնպես տեղի չունեցավ, սա արդյունք էր այն առևտրի, այն պայմանավորվածությունների, որը ձեռք բերվեցին վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ մինչև Թուրքիայի հարձակումը»,- նշեց Սաֆրաստյանը։
Արևելագետի կարծիքով՝ ռուսների հետ թուրքերի բանակցությունները մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցան Մոսկվայում և պետք է ենթադրել, որ բանակցությունների ընթացքում թուրքերին հաջողվեց վստահեցնել ռուսներին, որ այս գործողությունը սահմանափակ կլինի և ուղղված կլինի միայն քրդական ինքնապաշտպանության ջոկատների դեմ: