Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Սերժ Սարգսյանին շնորհավորելուց հետո նամակ գրեցիք, որտեղ նշում էիք, որ շնորհավորանքն ակնհայտ անհամապատասխան է, քանի որ ընտրական կեղծիքներով և խախտումներով անցան ընտրությունները: Նամակին որևէ արձագանք կա՞:
Դեռ որևէ արձագանք չկա: Այստեղ ուզում եմ մի կարևոր բան նշել, որ որևէ կերպ քվեարկության արդյունքների խախտման փաստը չընկալվի ընդդիմության ներկայացուցչի՝ Րաֆֆիի օգտին աջակցություն: Իրականում այստեղ որևէ աջակցության խնդիր չկա, քանի որ հատկապես հանրահավաքների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հնչեցրած Հայաստանի արտաքին քաղաքականության մոտեցումներին բոլորովին դեմ եմ: Նամակում ընտրական ինստիտուտի կեղծման փաստն է արձանագրվում, խոսքն ընտրական ինստիտուտի բարոյազրկման մասին է, բայց սա չպետք է ընկալվի իբրև Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցություն: Ես դեմ եմ Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրային դրույթներին և որևէ ցանկություն չունեմ աջակցել: Հատկապես նրա ազգայնական մոտեցումներն անհամատեղելի են մարդու իրավունքների սկզբունքներին:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից լրացուցիչ միջանկյալ զեկույցում կասկածի տակ է դրվում ընտրական գործընթացի ազնվությունը: Հնարավո՞ր է՝ տեղի դիտորդական առաքելության հանդիպումները, ինչպես նաև ակտիվիստների արձագանքն իրավիճակի փոփոխման հիմք հանդիսացան:
Այս զեկույցները կազմվել են՝ հիմնվելով լրացուցիչ ուսումնասիրությունների վրա, որոնք կատարվել են ՀԿ-ների տեղեկատվության հիմա վրա: Իհարկե, զեկույցում ոչ բոլոր տեղեկություններն են հաշվի առնվել, այլ նրանք, որոնք չափվել են իրենց չափորոշիչներով: Դրա համար կարող ենք արձանագրել, որ ԺՀՄԻԳ-ի գործիքները բավարար չեն մեզ նման երկրներում ընտրությունները դիտարկելու համար, քանի որ իրենք շատ բան չեն տեսնում: ԿԸՀ-ն պաշտոնապես տվյալներ է տալիս ընտրական արդյունքների վերաբերյալ, իսկ ահազանգերի, բողոք- դիմումների ամբողջական տեղեկատվություն չունեն, դրա համար ԺՀՄԻԳ-ը սկսել է ավելի ուշադիր լինել տեղական դիտորդական առաքելությունների գնահատականների և փաստերի հանդեպ, և ԺՀՄԻԳ-ի զեկույցներում արդեն փոխված մոտեցում ենք տեսնում: Իմիջիայլոց, ԵԱՀԿ-ն եզակի հիմնարկ է, որն աշխատում է ոչ միայն իշխանությունների, այլ նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ: Իսկ մեր պարագայում նկատելի է, որ ԿԸՀ-ն և իշխանության մարմինները պատշաճ տեղեկատվություն չեն տրամադրում ընտրական գործընթացների մտահոգությունների վերաբերյալ, ինչը ներկայացվել է ՀԿ-ների կողմից: Իսկ ՀԿ-ները տվել են օբյեկտիվորեն չափելի, հիմնավոր տեղեկատվություն:
Հետընտրական զարգացումներն ինչպե՞ս եք գնահատում: Կարծիք կա, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը շարժումը դեպի մարում տանի, միևնույն է, հասարակությունն ինքնակազմակերպվելու է:
Հետընտրական զարգացումների գնահատման համար պետք է մի քանի կարևոր փաստ արձանագրել. նախ, նախընտրական փուլը մրցակցային չէր, քանի որ ամենախոշոր քաղաքական ուժերը չմասնակցեցին ընտրություններին, ինչը խոսում էր այն մասին, որ քաղաքական ինստիտուտների նկատմամբ չկա վստահություն, հետևաբար քաղաքական ինստիտուտներով չպետք է պայմանավորել հետընտրական զարգացումները: Ավելի շուտ քաղաքական ինստիտուտները կփորձեն հետընտրական զարգացումներին ռեաբիլիտացիայի ենթարկվել՝ ի հաշիվ առկա քաղաքացիական դժգոհությունների: Քաղաքացիական դժգոհությունների փաստը չպետք է միայն արձանագրել Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումներով և հանրահավաքներով կամ քայլերով: Հիշենք՝ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ, երբ արդեն ահազանգ կար, որ առանձին ընտրատեղամասերում Ժառանգության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումներ են կիրառվում, սկզբում միտում կար, որ պետք է անպայման գնալ տեղամասեր՝ աջակցելու իրավիճակի շտկմանը, սակայն մեկ ժամ հետո փոխվեց, ասացին՝ սրացում պետք չէ: Այդ տեսակետից քաղաքական ուժն ինքն էլ պատրաստ չէր այն արդյունքներին, որ քաղաքացիները դրսևորեցին: Իշխանությունները գերագնահատեցին իրենց ուժերը՝ մտածելով՝ ընտրությունները մրցակցային չեն եղել նախընտրական փուլում, հետևաբար իմաստ չունի մտահոգվելու, և մի խնդիր էին ուզում լուծել՝ մարդկանց բերման ենթարկել ընտրատեղամաս՝ ընտրակաշառքի ուղղորդման միջոցով, որ մասնակցության թիվ ապահովեն: Բայց սխալվեցին՝ կարծելով իրենք ունեն այնքան վստահության պաշար, որ ինքնաբերաբար կստանան ձայների առավելություն:
Ըստ էության՝ մենք արձանագրում ենք, որ ՀՀ քաղաքացիներն անվստահություն հայտնեցին իշխանություններին, և իրավիճակը շտկելու վերջին միջոցը քվեարկության արդյունքների կեղծումն էր: Դրա վառ ապացույցն է այն, որ ԿԸՀ-ի քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի ժամանակ մեր ձեռքին կային ուրիշ թվեր, որտեղ Րաֆֆի Հովհանիսյանը առանձին տարածքներում հաղթում էր, միչդեռ ԿԸՀ-ն տարածում էր թվային բոլորովին այլ պատկեր, որով Սերժ Սարգսյանը հավաքել էր քվեարկության մասնակիցների 80 տոկոսը: Սա արդեն իսկ չէր համապատասխանում ձայների այն քանակին, որն այդ պահին կար դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ձեռքին: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ հատկապես այն տարածքներում, որտեղ չի եղել վերահսկողություն, հատկապես գյուղական բնակավայրերում քվեների կեղծման միջոցով է իշխանությունը ապահովել ձայների գերկաշռություն: Բայց, մյուս կողմից, այնպիսի տարածք, ինչպիսին Կապանն է, որտեղ ըստ էության ֆեոդալական կալվածքի օջախն է, Սերժ Սրագսյանի պարտությունը պայմանավորված է այն բանով, որ իրենք անփույթ են եղել, այսինքն՝ իրենք միայն փորձել են բերման ենթարկելու խնդիրը լուծել, իսկ քվեարկության արդյունքում ընտրողները հնարավորություն են ունեցել արտահայտելու իրենց բուն վերաբերմունքը:
Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, և ինքը դա լավ գիտի: Հիմա կա հասարակական դժգոհություն, որը չի մարելու:
Հասարակական դժգոհություն կար 2008-ին, հետո մարեց:
Մինչև 2011-ի մայիսը կար նաև քաղաքական ընդդիմության դժգոհություն. երբ քաղաքական ընդդիմությունը գնաց պասիվ ճանապարհով, քաղաքացիական նախաձեռնությունները չդադարեցին գործել, շարունակեցին իրենց ինքնակազմակերպման գործընթացը: Քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվությունը պայմանավորված չէ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների ակտիվությամբ, և եթե քաղաքական ընդդիմության հանրահավաքին շատ մարդ չի հավաքվում, դա դեռ չի նշանակում, որ այդ դժգոհությունը բացակայում է: Բնականաբար, եթե լիներ ընդդիմության ներկայացուցիչը, կլիներ շատ ավելի ուրիշ իրավիճակ: Սերժ Սարգսյանը սարսափում է այն մտքից, որ քաղաքացիական տարբեր դժգոհություններն են ավելանում, դրա համար վախեցնելու, կառավարելի դարձնելու փորձեր են անում:
Քաղաքացիական խմբերի մոտեցումը 2008-ի համեմատ արմատապես փոխված է, և բոլոր քննարկումներում ոչ թե մտածում են' ինչ կանի լիդերը, այլ թե էլ ինչ կարող ենք անել, այսինքն՝ էլ ինչ անելու բազմազանությունն ամենամեծ ձեռքբերումն է: Իշխանությունը դեմառդեմ կանգնած է քաղաքացիական նախաձեռնությունների առջև: Իշխանությունը շարունակելու է իշխանական լծակները տնօրինել, բայց ինքը չի ունենալու իշխանություն, ինքը չի կարողանալու իշխանություն իրականացնել:
Այսինքն՝ այս անգամ, ի տարբերություն 2008-ի, ոչ թե անձի շուրջ, այլ հանրույթների ձևավորում է տեղի ունենում:
Պրոցեսները ընթանում են հենց հանրույթների շրջանակում, և հանրույթներն են պրոցեսների կրողները: Ավանդական պատկերացումների շրջանակում դժվար ենք հասկանում այդ բազազանությունը, որովհետև մեր կարծրատիպն այն է, որ մի լիդեր լինի, որի շուրջ այդ նախաձեռնություններy գոյատևեն: Հիմա չկա նման բան, ամեն մեկն ազատ է իր նախաձեռնություններում, և իշխանությունն այդքան ռեսուրս չունի բոլոր թիախներին պատասխան տաու համար:
Հայաստանում երկիշխանություն է ձևավորվում. մեկը Սերժ Սարգսյանի և իր կուսակցության իշխանությունն է, որոնք դե ֆակտո իշխանական լծակների են տիապետում, և գոյություն ունի իրական իշխանություն, որը գտնվում է քաղաքացիական նախաձեռնությունների, շարժումների ձեռքին: Իշխանությունը պայմանավորված է ոչ թե քաղաքական կառուցվածքներով, որովհետև ինքն էլ քաղաքական ուժ չէ, իշխանական լծակները զբաղեցրած անձերի հանրույթ է ինքը, որը որպես այդպիսին գաղափար և ծրագիր չունի: Նժդեհ ասել' չի նշաnակում ծրագիր ունենալ, ծրագիր նշանակում է պատասխանել այսօվա հարցերին, իսկ այսօրվա հարցերին ինքը պատասխան չունի, հետևաբար ինքը իշխանություն չունի: Իսկ ամբողջական հարցեր լինում են այնտեղ, որտեղ պատասխաներ կան, և այդ պատասխանները լուծելու լծակներ ունի: Հիմա ինքը ունի միայն լծակներ, բայց պատասխաններ չունի, իսկ պատասխաններ ունեն քաղաքացիական հանույթներն իրենց պահաջներով և մոտեցումներով, որոնք չունեն լծակներ. սա իսկական երկիշխանության վիճակ է:
Անկախությունից 22 տարի հետո Հայաստանում սկսվում է պետության ձևավորման գործընթացը, երբ քաղաքացիական սեկտորը դառնում է գործընթացների սուբյեկտ, ոչ թե օգտագործման ռեսուրս, եւ ինքն է արդեն ինքնուրույն որոշումներ կայացնում: