Այս օրերին, երբ հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի մահվան գույժը տարածվեց (մահացել է հունվարի 20-ին, Ֆրանսիայի Լիոն քաղաքում), շատերը հիշեցին, ցավակցեցին, իր հետ ունեցած խոսք ու զրույցից հատվածներ հրապարակեցին սոցիալական ցանցերում, գտնվեցին նաև մարդիկ, ովքեր լուսանկարներով կիսվեցին:

Մի խոսքով՝ մի պահ հերոսացվեց Հացպանյանը, բայց, ցավոք, շատ արագ էլ մոռացվեց:

 

«Ազատ Հայք» ֆեյսբուքյան խմբում Սարգիս Հացպանյանին Եռաբլուր պանթեոնում հուղարկավորվելու պահանջ հրապարակվեց, ինչին, սակայն, ՀՀ ՊՆ-ի կողմից ընթացք չտրվեց: Իր մեկնաբանություններում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, թե Եռաբլուրը պետական պանթեոն է: Այնտեղ հուղարկավորելու համար գոյություն ունի դիմումի համապատասխան կարգ և ինքը որքան տեղյակ է, որևէ կարգով հստակ դիմում, Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու վերաբերյալ՝ չեն ստացել:

Հարցը լսելուց հետո մեր զանգերին սկսեց չպատասխանել նաև ՊՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

Եթե մի կողմ թողնենք Եռաբլուրում հուղարկավորելու հարցը, կարիք ենք համարում հանրությանը տեղեկացնել, որ այս օրերին պարզապես միայնակ են մնացել Հացպանյանի կինն ու երեխաները, ովքեր անգամ չեն պատկերացնում՝ ինչպես պետք է կազմակերպեն հուղարկավորությունը:

Ֆրանսիայից եղբոր և ընկերների միջոցներով Հացպանյանի դին ուրբաթ օրը՝ հունվարի 26-ին, կտեղափոխվի Երևան: Շաբաթ օրը նախատեսված է հոգեհանգստյան օր, իսկ կիրակին՝ հուղարկավորության:

Հացպանյանի ընտանիքին օգնության ձեռք չեն մեկնել ոչ մի պետական կառույցից, Սփյուռքի նախարարությունը պարզապես հրաժարվել է ինչ-որ հարցում աջակցել, քաղաքական ուժերը ևս ոչ մի նախաձեռնությամբ հանդես չեն գալիս, բայց ամենացավալին եկեղեցու պահվածքն է.  ոչ մի տիպի շահագրգռվածություն չի ցուցաբերվում, բանն այն է, որ հոգեհանգստի կարգ մատուցելու համար նախատեսված է որոշակի գումար (այո, զարմանալ պետք չէ, խոսքը շուրջ 200.000 դրամի մասին է, ինչն ընտանիքը չի կարող տալ): Ընտանիքի բարեկամների ոչ մի խնդրանքին եկեղեցուց դրական արձագանք չեն տալիս, որպեսզի գոնե այդ գումարը չմուծվի: Հավանաբար, սա այն բանի հետևանքն է, որ Հացպանյանը դառը խոսքերով էր արտահայտվում Կաթողիկոսի հասցեին՝ համշենահայերին առաքելական եկեղեցում մկրտելու մերժման պատճառով:

 

Այս վերաբերմունքից մի բուռ դարձած Հացպանյանի սգավոր դուստրը այս օրերին չգիտի ինչ անել, որ կարողանա կարգավորել հոր հուղարկավորության հարցը: