Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վրաստանի սահմանապահներն արգելել են «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանին՝ մուտք գործել այդ երկիր: Ընդդիմադիր գործիչը հատել է Հայաստանի «Բավրա» անցակետը, սակայն վրացական «Նինոծմինդա» անցակետում տեղի աշխատակիցներն ասել են, որ Փոստանջյանի մուտքն արգելված է այդ երկիր:

Լրագրողների հետ զրույցում անդրադառալով Վրաստան մուտք գործելու արգելքին, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իրենք հայտարարել էին, որ Հայաստանում փոփոխություններ պատկերացնում են համահայկական ընդվզման միջոցով և ընդվզում անելու են ոչ միայն Հայաստանի հանրապետությունում, այլև Հայաստանից դուրս՝  հայաշատ տարածքներում. «Համահայկական ընդվզման քարոզարշավի երկրորդ փուլը մենք որոշել էինք անցկացնել հյուսիսից, և մտածում էինք, որ պետք է լինեինք նաև Ջավախքում և այնտեղ նույնպես բաժանեինք օրացույցները, «Երկիր Ծիրանի»-ի նշանը, լույսերը, և պաստառը՝ «Դժոխքի երաժշտությունը»: Ահա սրանք էինք այն իրերը, որոնք մեզ հետ էին»,- ասաց Փոստանջյանը:

 

Նրա խոսքով՝ իրենց թույլ են տվել անցնել «Բավրա» անցակետը, բայց վրացական անցակետում իր 15 գործընկերներին թույլ են տվել անցնել, բացի իրենից. «Ինձ հրավիրեցին մի սենյակ, տրամադրեցին 4 թղթից կազմված գրություն, որի մեջ վրացերեն և անգլերեն է գրված: Մի տղամարդ մոտեցավ, հայերեն լեզվով բացատրեց, որ այլ հարցեր և պարզաբանումներ տալու իրավասություն իրենք չունեն: Այս թերթում մի սանդղակ կա, որտեղ նշված է, թե երբ կարող են խոչընդոտել անձի մուտքը Վրաստանի հանարապետություն: Այդտեղ մի կետում գրված է՝ այլ դեպքերում»,- նշեց նա: 

Նա նշեց՝ Վրաստանը կոպտորեն խախտել է մարդու հիմնարար ազատությունները և ինքը բողոքներ է ներկայացրել ԱԳՆ և Վրաստանում Հայաստանի դեսպանին, Հայաստանում Վրաստանի դեսպանին, Եվրամիության՝ ԱԳՆ-ի գործերով պաշտոնակատարին, Եվրոպայի խորհրդին և մարդու իրավունքների հանձնակատարին. «Հիմա պետք է սպասեմ՝ ինչ պատասխան կտրամադրեն: Պետք է ներողություն խնդրեն ինձնից: Պետք է ինձ տրամադրեն այն խախտումը, որը ես թույլ եմ տվել օրենքով սահմանված կարգով: Մինչդեռ այս սանդղակում նշված որևիցե խախտման մասին խոսք չի եղել»,- ընդգծեց Փոստանջյանը: