«Տարկետում լինելու է» կոչով հանդես եկող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները  այսօր՝ հունվարի 29-ին, ներկայացնում են իրենց դիրքորոշումն ու արձագանքը Կառավարության վերջին նախաձեռնության վերաբերյալ: 

Նշենք, որ գրեթե մեկ շաբաթ առաջ կառավարությունը որոշում ընդունեց՝ սահմանելով, որ պետք է լինի 100 բալանոց համակարգ՝ որոշակի չափանիշներով, և պետք է լինի հանձնաժողով, որն էլ կորոշի՝ որ ուսանողն է համապատասխանում այդ չափանիշներին:

 

Շարժումն այսօր էլ ունի մտահոգություններ, որոնցից մեկն էլ վերաբերում է հանձնաժողովին, որը պետք է որոշի՝ համապատասխանո՞ւմ են արդյոք տարկետման իրավունքին դրա համար դիմած ուսանողները, թե ոչ: Նախաձեռնության առաջնորդներից Դավիթ Պետրոսյանը հիշեցրեց իրենց պահանջները և ներկայացրեց առաջիկա անելիքները ստեղծված իրավիճակում:

«Կառավարությունը կարծում էր, որ բացառիկ ուսանողներին պետք է տրվի տարկետման իրավունքը, մենք դրան կտրուկ դեմ էինք, և նշում էինք, որ մարդկանց պետք է հնարավորություն  տրվի, որ նրանք լինեն այդ «հանճարեղները» կամ «բացառիկները»: Բայց պետք է նշեմ, որ այդ «բացառիկների» համար չափանիշներ չբերվեցին: Մենք մեր մասնակցությունը հայտնեցինք՝ մասնակցելու մի օրենքի ձևավորման, քանի որ բարդ էր լինելու կանգնեցնել օրենքի բերած բացասական հետևանքները»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:

Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ այդ 100 բալանոց համակարգի գաղափարն առաջարկվել է  համալսարանի բնագիտական թևի ուսանողներից մեկի կողմից, բայց այն չի առաջարկվել որպես վերջնական տարբերակ. «Այն առաջարկվել է որպես այլընտրանք, որի շուրջ հնարավոր էր մտածել: Իսկ այդ 100 բալանոց համակարգն ամբողջացնելու համար ընտրված չափանիշների թվում են՝ գիտական հոդվածները, գիտաժողովներին մասնակցությունը, թեև շատ գիտնականներ ու դասախոսներ դրանց դեմ են՝ նշելով, որ դա մասնագիտական վերաբերմունք չէ և դրանցով հնարավոր չէ բացահայտել ուսանողի գիտական պոտենցիալը»,- ասաց նա:

Անդրադառնալով նախաձեռնության համար կարևորագույն խնդրին՝ հանձնաժողովին, Դավիթ Պետրոսյանը նշեց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հասարակության ներսում պետական կառավարման համակարգերի  ու ներկայացուցիչների նկատմամբ կա վստահության ոչ բարձր մակարդակ. «Մտավախություն ունենք՝ որքան էլ լավ օրենք ձևավորվի, այն վճռական չի լինելու, քանի որ վերջում որոշումը կայացնելու է հանձնաժողովը և դա չի ենթադրում, որ այն բավարարելու է: Դրա համար մենք առաջարկում ենք, որ այդ հանձնաժողովում չլինեն ներկայացուցիչներ միայն Կրթության ու գիտութան և Պաշտպանության նախարարություններից, այլ լինեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ինչպես նաև ցանկանում ենք, որ կազմը լինի փոփոխվող և կապ հաստատվի ուսանողի հետ և միայն գրավոր ներկայացված նյութեր չլինեն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենք լուրջ մտավախություն ունեն, թե որոնք են լինելու անընդհատություն պահանջող մասնագիտութոյւնները և ինչպես են որոշվելու: 

 

Հիշեցնենք, որ շարժումը սկսեց ակտիվանալ 2017-ի հոկտեմբերին՝ մտահոգվելով տարկետման սահմանափակումից: Նրանց չի գոհացնում «Զինվորական ծառայության և զինվորի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխությունները: