«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի ժողովրդագրական աղետալի վիճակը տարեցտարի ավելի է խորանում: Եւ որքան էլ իշխանությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայտարարեն այս ոլորտում էական բարելավումներ արձանագրելու անհրաժեշտության, անգամ 2040 թվականին բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու մասին` այդ ճանապարհին մշակելով ու ընդունելով զանազան ծրագրեր, միեւնույն է` իրավիճակը ոչ միայն չի կայունացել, այլեւ բացասական ընթացքը շարունակվում է:

 

Բավական է միայն նշել, որ 2017թ. ՀՀ-ում ծնվել է 37 հազար 699 երեխա. մի թիվ, որը վերջին տարիներին ամենափոքրն է: 2016թ. ծնունդների թիվը 40 հազար 592 էր, 2013թ.՝ 41 հազար 906: Միաժամանակ Հայաստանում շատ ցածր է բնական հավելաճը՝ ծնվածների եւ մահացածների թվի տարբերությունը: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2017թ. արձանագրվել է վերջին տարիների ամենացածր ցուցանիշը. եթե 2013թ. բնական հավելաճը 14 հազար 594 էր, ապա 2017թ. այն հասել է 10 հազար 332-ի: Եւ վերջապես, ԱՎԾ-ն երեկ հրապարակել է մշտական բնակչության թվաքանակը:

Ըստ այդմ, 2018թ. հունվարի 1-ին բնակչության թիվը եղել է 2 մլն 972 հազար 900, մինչդեռ 2013թ. մեր երկրում մշտական բնակվել է 3 մլն 26 հազար 900 հոգի, ասել է, թե 5 տարվա կտրվածքով երկրի բնակչությունը նվազել է 54 հազարով: Եւ ահա այս իրավիճակում Սերժ Սարգսյանը դեռ խոսում է ժողովրդագրական վիճակի էական բարելավման մասին»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: