Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին միացել են ևս հինգ հոգի: Թեև նրա տղան՝ Կարինը, հոր և մյուս քաղաքացիների կողքին էր նստած, բայց նա այդպես էլ հրաժարվեց մեր հարցին պատասխանել, թե ինքը նույնպես հացադուլի է նստել, թե ոչ: Նա ընդհանրապես հրաժարվեց խոսել:

Հացադուլին միացած Բայանդուր Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած Րաֆֆի Հովհաննիսյանը չի խրախուսել նրանց որոշումը, բայց ինքը և մյուսները չեն պատրաստվում նրան մենակ թողնել:

«Իմ և մյուս քաղաքացիների նպատակը այն է, որ եթե ընտրված նախագահը պատրաստվում է վնասել իր առողջությունը, ապա իրենք կարող են հանգիստ նստել: Բացի այդ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը այն է, որ եթե ապրիլի 9-ին իրականացվի կեղծ երդմնակալություն, ապա իր դիակի վրայով, ապա ամեն քաղաքացի պետք է կանգնի և ասի, որ նաև իր դիակի վրայով»,- ասաց նա և վստահեցրեց, որ հացադուլն իրատեսական է և հարցը կլուծվի ցանկացած դեպքում, անկախ ամեն ինչից:

Ըստ նրա, թեև ամեն մարդ ազատ է իր ընտրության մեջ, բայց կոնկրետ իր համար շատ ուրախալի կլիներ, որ իրենց միանային նաև այլ քաղաքացիներ: Ազատության հրապարակի խորհրդանիշ դարձած Սասուն պապը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը պատրաստ է միանալ նախ նստացույցին, հետո արդեն կորոշի, թե հացադուլին միանա, թե ոչ: «Եթե Րաֆֆին նստի հացադուլի, ամբողջ ազգը պետք է նստի նրա հետ միասին, որովհետև արարիչը այդ ազնիվ, մաքուր մարդուն ուղարկել է, որ հայ ազգին փրկի, որ այս կեղտերը մաքրի: Թող Սերժը գա ներողություն խնդրի»,- ասաց նա և նշեց, որ եթե ազգովի նստեն, հարցի լուծում կլինի:

Րաֆֆի Հովհանիսյանի համակիրներից ամերիկահայ Լևոնը մեզ հետ զրույցում ասաց, որ սկզբում որոշումը ծանր ընդունեց, բայց մի քիչ հետո արդեն հասկացավ, որ սա շատ համարժեք քայլ էր: «Երբ տեսա, որ մարդն իր հայտարարություններում մի քանի անգամ բացառել է որևէ մեկի արյան հաշվին ժողովրդի հաղթանակ տոնելը, ապա ալտերնատիվը մնում էր այդ քայլը կամ նման մի քայլ: Ուղղակի ինձ այսօր Րաֆֆին հիշեցնում է Գանդիին, որ ինքը վստահ է, որ բարոյական ուժը, ներքին խոր ուժը արժի հազար հատ ուժի՝ ոստիկանի կլինի, ջուր ցանող մեքենայի, թե այլ բռնության, բարձր է»,-ասաց նա:
Նա վստահ է, որ սա շատ ավելի մասսայական հացադուլի կարող է վերածվել: «Հնարավոր է, գուցե կարճաժամկետ, բայց մասսայական հացադուլի վերածվի, ոչ թե հնարավոր է, այլ կարծում եմ, որ կլինի: Իհարկե, ժողովուրդը կտրական քայլերի է սպասում, ռադիկալ և ինձ թվում է, սա բավական ռադիկալ քայլ է»,- ավելացրեց նա:

Նշենք, որ քիչ չէին նաև քաղաքացիներ, ովքեր կտրականապես դեմ էին Րաֆֆի Հովհաննիսյանի այս որոշմանը: Հավաքվածներից Աննա Ավետիսյանը նշեց, որ նման որոշումը առաջնորդի քայլ չէր, և նա չպետք է գնար նման որոշման: Նրա կողքին կանգնած մեկ այլ քաղաքացի էլ ավելացրեց, որ նա պետք է կազմակերպեր նստացույց և ոչ թե ինքը հացադուլի նստեր: Նրանց դեմ էր մեկ այլ քաղաքացի, ով պնդում էր, որ սա ոչ թե թույլ, այլ ընդհակառակը, շատ դժվար որոշում է:

Հավաքվածներին Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց գնալ տուն հանգստանալ և առավոտյան կրկին վերադառնալ հրապարակ:

«Լիցքը. ուժը անհրաժեշտ է, որ մենք հասցնենք մինչև ավարտ, բայց դա նշանակում է, որ դուք պետք է նաև ձեր առողջությանը հետևեք, ով պետք է գնա տուն, գնա մի բաժակ թեյ խմի ու նորից գա: Սա Ազատության հրապարակն է, մեր հրապարակն է, բայց գնացեք տուն, հանգստացեք, ամեն մեկն իր որոշման մեջ լինի, ազատ, հանդարտ, մենք գնում ենք առաջ իրավունքի և օրենքի համապատասխան»,- ասաց նա:
Նշենք, որ հրապարակում հայրենասիրական երգեր են երգում երիտասարդները, որոնց հետ ձայնակցում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հացադուլի հենց սկզբում Րաֆֆի Հովհաննիսյանին միացավ նաև երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը, ում Րաֆֆի Հովհաննիսյանը կես-կատակ, կես-լուրջ հորդորեց գնալ կիթառը վերցնել և գալ:

Ազատության հրապարակ էր եկել նաև ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Լուսանկարը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջի