Հասարակական վայրերում տեսախցիկ տեղադրելու վերաբերյալ հարցը պետք է անցնի լուրջ հանրային քննարկումների միջով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' փետրվարի 1-ին «Անձնական տվյալների պաշտպանության խնդիրները և օրենսդրական կարգավորումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն՝ անդրադառնալով «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:
«Հասարակության զարգացման հիմնական հակասությունն առաջանում է անվտանգության և քաղաքացիական ազատության միջև: Այս երկու բևեռները միշտ իրար խանգարում են: Հարցը նրանում է, թե հասարակությունը ի՞նչն է համարում առաջնային' լինել ավելի անվտանգ, թե՞ լինել ավելի ազատ և ոչ վերահսկելի: Ինձ համար ավելի կարևոր է երկրորդը, սակայն, կարծում եմ, որ այս հարցը պետք է լուրջ հանրային քննարկումների միջով անցնի, որովհետև այսօր դա կարող է օգտագործվել անվտանգության համար, իսկ վաղը շատ հեշտ ու սահուն կարող է դառնալ մարդկանց հետևելու գործիք»,- նշեց Մարտիրոսյանը:
ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանի խոսքով' «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով տեսանյութերի պահպանման ժամկետը սահմանվել է 7 օրացույցային օր, և յուրաքանչյուր մարդ, օրենքով սահմանված կարգով, հնարավորություն ունի ստանալու տեղեկություններ, թե ինչպես են իր տվյալներն օգտագործվում:
«Այդ տեղեկությունը ստանալով՝ անձը կարող է կանխել կամ հետագայում պաշտպանել իր անձնական տվյալները»,- ասաց Հայրապետյանը:
ունվարի 17-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ նախագծի' հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք կվերապահվի օգտագործել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: