«Ժամանակ» թերթը գրում է.
«Ադրբեջանի նախագահ Ալիեւը հրամանագիր է ստորագրել արտահերթ նախագահական ընտրություն անցկացնելու մասին, որը, ըստ հրամանագրի, տեղի կունենա 2018 թվականի ապրիլի 11-ին: Սա իսկապես ուշագրավ հրամանագիր է՝ նկատի ունենալով այն, որ 2018 թվականին Ադրբեջանում նախատեսված էր նախագահի հերթական ընտրություն՝ հոկտեմբերի 17-ին:
Փաստորեն, Ադրբեջանի նախագահ Ալիեւը հրամանագրով մի քանի ամիս առաջ է բերում ընտրությունը, ինչը անկասկած ուշագրավ է: Ինչո՞վ է դա պայմանավորված՝ Ադրբեջանում ներքին որոշակի իրողություններո՞վ, որոնք Ալիեւին անհանգստություն են պատճառել եւ մտավախություն, որ մինչեւ հոկտեմբեր կարող են տեղի ունենալ զարգացումներ եւ բարդացնել Ալիեւի վերարտադրությունը, թե՞ արտաքին գործոններն են բերել այդօրինակ մտավախության եւ, ըստ այդմ, նախագահական ընտրություններն առաջ տալու անհրաժեշտության: Թեեւ դժվար է իհարկե միարժեք ասել, որ Ալիեւի հրամանագիրը պայմանավորված է զուտ մտահոգություններով ու մտավախություններով, որ հոկտեմբերին վերարտադրվելը կարող է ավելի բարդ ու դժվար լինել, քան ապրիլին:
Մյուս կողմից՝ Ալիեւն իհարկե այդպիսի մտահոգության կամ մտավախության պատճառ թերեւս ունի: Բանն այն է, որ բավականին բարդ է թե՛ Ադրբեջանի ներքին իրավիճակը, սոցիալ-տնտեսական կացությունը, թե՛ իրավիճակը արտաքին միջավայրում, տարածաշրջանում, Մերձավոր Արեւելքում: Բանն այն է, որ այդ իրողություններում պարբերաբար աշխուժանում են դիտարկումները՝ կապված այն բանի հետ, որ զարգացումները կարող են ապակայունացման բերել նաեւ Բաքվում, այսպես ասած՝ «արաբական գարնան» սինդրոմի մշտական առկայության համատեքստում:
Դրան զուգահեռ՝ բավականին ուշագրավ իրավիճակ է նաեւ հարեւան Իրանում, որը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի հանրային կարեւոր շրջանակների վրա: Զուգահեռ բավական անորոշ եւ հակադիր խաղ է նշմարվում Ռուսաստան-Թուրքիա ֆորմատում, որի, այսպես ասած, մետաստազներ են նկատվում Սիրիայում ռուսների վրա ակտիվացած պարբերական հարձակումների տեսքով: Իր հերթին հետաքրքիր իրավիճակ է ուրվագծվում Կենտրոնական Ասիայում, որտեղ Բաքվի գլխավոր դաշնակից դիտվող Ղազախստանի նախագահ Նազարբաեւը բաց տեքստով կոչ է անում Միացյալ Նահանգներին ակտիվ լինել տարածաշրջանում, որտեղ մի կողմից՝ Չինաստանն է հարեւան, մյուս կողմից՝ Ռուսաստանը:
Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի եւ Նահանգների հարաբերությունը բավականին լարված է, եւ Բաքուն մեկ անգամ չէ, որ Վաշինգտոնին մեղադրել է հայամետ դիրքորոշման համար: Այդ համատեքստում նաեւ առանցքային է Վիեննայի օրակարգը, որից Բաքուն խուսափում է արդեն մոտ երկու տարի, եւ որը ըստ էության ամերիկյան օրակարգ է՝ թելադրված նաեւ ապրիլյան պատերազմում Բաքվի անհաջողությամբ եւ այդ անհաջողությունն, այսպես ասած, ինստիտուցիոնալ կերպով ամրագրելու ամերիկյան մտադրությամբ, ինչը սկզբունքորեն կփոխի կովկասյան անվտանգության համակարգը:
Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի նախագահն անկասկած ունի շտապելու կամ մտահոգվելու թե՛ ներքին, թե՛ արտաքին բազմաթիվ պատճառներ, եթե այդ ամենին հավելենք նաեւ անմիջապես Բաքվի իշխանության միջանցքներում միջկլանային խնդիրները՝ ընդհուպ մինչեւ Ադրբեջանի նախագահական ընտանիքում:
Արտահերթ ընտրություն անցկացնելու Ալիեւի հրամանագիրը հետաքրքիր է դառնում նաեւ այն իրողությանը զուգահեռ, որ նախագահական ընտրությունները Ադրբեջանում փաստորեն ժամանակացույցով բերվում են Հայաստանում գրեթե նույն բնույթի իրողություններին զուգահեռ: Ապրիլի 9-ին պաշտոնը թողնելու է գործող նախագահը, եւ դրանից հետո Հայաստանում թիվ մեկ պաշտոնյան դառնալու է վարչապետը, լինելու է նոր վարչապետի եւ կառավարության, այլ կերպ ասած՝ դե ֆակտո նոր իշխանության ընտրություն:
Ալիեւը փաստորեն իր հրամանագրով կամա թե ակամա զուգորդում է Ադրբեջանի իշխանության հարցը Հայաստանի իշխանության խնդրի լուծման ժամանակահատվածի հետ: Կա՞ արդյոք, այսպես ասած, խորհրդանշական կապից բացի՝ որեւէ առարկայական-քաղաքական կապ այդ քայլում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում