Կառավարության փետրվարի 8-ի նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ոռոգելի և չօգտագործված հողատարածքների խնդրին՝ նշելով, որ միայն Արարատյան դաշտում կա 24 հազար հեկտար ոռոգելի հողատարածք, որոնք հանդիսանում են ֆիզիկական կամ իրավաբանական սեփականություն, իսկ գործող օրենսդրությունը նման հողերի արդյունավետ օգտագործման համար լիարժեք օրենսդրական դաշտ չի ապահովում:
«Նման հողատարածքները հանդիսանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականությունը, իսկ գործող օրենսդրական կարգավորումները՝ օգտագործումը խթանելու, անգործության համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ, ինչպես նաև հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման՝ հստակ, ոչ հայեցողական գործիքակազմ չեն նախատեսում»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանձնարարեց 1-ամսյա ժամկետում Տարածքային կառավարման և զարգացման, Գյուղատնտեսության նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին՝ համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողամասերի օգտագործման խթանմանն ուղղված առաջարկություններ՝ հստակ անդրադառնալով պատասխանատվության միջոցներ կիրառելու մեխանիզմների և հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման ընթացակարգը հստակեցնելու, պաշտոնատար անձանց նման գործընթացը նախաձեռնելու հայեցողական լիազորությունը սահմանափակելու հարցերին։