Շիրակի պետական համալսարանի Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանն այսօր օրն սկսել է հացադուլով։ Այս մասին Խորիկյանը հանրությանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։ Խորիկյանը կոչ-պահանջ է ուղղել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ նախարարից պահանջելով կասեցնել փետրվարի 12-ին համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրությունը, ինչը հակասում է համալսարանի կանոնադրության պահանջներին, քանի որ այդ ընտրությունները պետք է իրականացնեն ֆակուլտետների խորհուրդները։
Ըստ Խորիկյանի՝ ռեկտորին շահավետ, ցանկալի տարբերակով ընտրություններ իրականացնելը միանշանակ անօրինական է։
ԼՈւՐԵՐ․com-ին Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը հայտնեց, որ տևական ժամանակ է՝ ԲՈւՀ-ի ռեկտոր Մինասյանը դիմում է կամայականությունների, որոնցից ամենաթարմը ԲՈւՀ-ի կանոնակարգում նրա կողմից կատարված փոփոխություններ են, որոնք ռեկտորը որակել է թեթև շտկումներ, որոնք, սակայն, զերծ են իրավական հիմնավորումից․ «Խախտվել է ԲՈւՀ-ի կանոնադրությունը, որը հաստատվել է Կառավարության կողմից՝ 2016 թվականին, ըստ որի, դեկանների և վարիչների ընտրությունները պետք է կատարվեն ֆակուլտետների խորհուրդներում, սակայն այդ ընտրությունները Մինասյանը կամայականորեն տեղափոխել է գիտական խորհուրդ»:
Ստեղծված իրավիճակում խոսելով Կրթության նախարարության և Կառավարության անելիքի մասին՝ Համբարյանը նկատեց․ «Թեև նախարարությունից մինչ այս պահը արձագանք չկա, սակայն Կրթության նախարարությունը պետք է հրատապ արձագանքի։ Սակայն, միայն Կրթության նախարարություն անելիքը քիչ է։ Կառավարությունը պետք է կարգի հրավիրի պարոն Մինասյանին, իսկ ուժային կառույցները պետք է պատժեն այն անօրինությունների համար, որ գործել է ԲՈւՀ-ում՝ սկսած գրադարանային ֆոնդի ոչնացումից, մինչև 250 հազար ԱՄՆ դոլարի վերագրվող վերանորոգումն ու յուրայիններին տրվող աստղաբաշխական թվերով աշխատավարձերը»։
Համբարյանը նաև նշեց, որ Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը չի հանդիպել հացադուլ հայտարարած դասախոսին և չի փորձել քննարկում կազմակերպել ԲՈւՀ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Հավելենք նաև, որ դասախոս Հովհաննես Խորիկյանի հայտարարած հացադուլն անժամկետ է։
Աղավնի Սուքիասյան