Ռեյտինգային ընտրակարգը չի կարող պատճառ դառնալ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը չեղյալ հայտարարելու համար: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` պատասխանելով այն հարցին, թե տեղի՞ն են այն դիտարկումները, թե ռեյտինգային ընտրակարգի շուրջ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև տարաձայնություններ կան, և հնարավո՞ր է՝ այն դառնա կոալիցիոն գործընկերների քաղաքական ապահարզանի պատճառ: 

«Բանակցությունների փուլում սեպարատ հայտարարություններ են լինում, բայց այս փուլում ձեռնպահ եմ, թե ինչու է ՀՀԿ-ն պաշտպանում ռեյտինգային ընտրակարգը: Բայց ռեյտինգային ընտրակարգը նախապայման չի եղել «ՀՀԿ-ՀՅԴ» համագործակցության հուշագրի համար»,- ասաց Ռուստամյանը:

Ռուստամյանն ընդգծեց, թե կոալիցիայից բխող ծրագրեր ունեն, որոնք պետք է կյանքի կոչել մինչև 2022 թվականը, և պարտավոր են իրականացնել՝ հօգուտ ժողովրդի:

Նա նշեց՝ ռեյտինգային ընտրակարգը նախապայման չի եղել «ՀՀԿ-ՀՅԴ» համագործակցության հուշագրի համար: Պատգամավորը հիշեցրեց, որ վարկանիշային ընտրակարգի շուրջ տարաձայնությունը գոյություն ուներ նաև մինչև կոալիցիոն գործընկեր լինելը, և դրա մասին իրենք բազմիցս բարձրաձայնել են

«Ինքս անձամբ ունեցել եմ առիթներ` քննարկումների ժամանակ նշելու, որ այն կարգը, որն առաջարկվում է ռեյտինգայինի հետ կապված, շեղում է համամասնական ընտրակարգի դասական պատկերացումներից: Այս խնդիրը գոյություն ուներ մինչև կոալիցիայի ձևավորումը, հարցը օրակարգից չենք հանել: Գիտենք, որ ՀՀԿ-ն դեմ է, սակայն շարունակելու ենք մեր մոտեցումն այդ ուղղությամբ պաշտպանել»,- ասաց նա: