ՀՀԿ-ականներն արդեն սկսել են նախագահի իրենց թեկնածուի հետ «պրոֆիլակտիկ» բացատրական աշխատանքներ տանել` հասկացնելով, որ նոր Սահմանադրության պայմաններում, միեւնույն է, երկրի ղեկավարը լինելու է վարչապետի պաշտոնի հավակնորդ Սերժ Սարգսյանը: Նման «սթափեցնող» հայտարարություն է արել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ ինչպես են ՀՀԿ-ում գնահատում Արմեն Սարգսյանի` Չորրորդ հանրապետության առաջին նախագահը լինելու հեռանկարը։ Շարմազանովն ասել է. «Ես չեմ ուզում բանավեճի մեջ մտնել մեր հարգելի Արմեն Սարգսյանի հետ: Որպես պատմաբան՝ նշեմ, որ մենք շարունակելու ենք ապրել Երրորդ հանրապետությունում: Պարոն Արմեն Սարգսյանը գուցե դա ասել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր նախագահն իր լիազորություններով կտրուկ տարբերվելու է նախորդ երեք նախագահներից»:
ՀՀԿ-ից նման հայտարարությունը կարելի է սպասելի համարել. Արմեն Սարգսյանն այս օրերին հանդիպումներ է ունենում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփյուռքում, հավանաբար ոգեւորվել է իր հանդեպ վերաբերմունքից: Ու ընտրվելուց հետո չի բացառվում, որ, այնուամենայնիվ, փորձի ամբիցիաներն առաջ տանել` լիարժեքորեն օգտվելով Սահմանադրությամբ նախագահին տրված լիազորություններից: Առավել եւս, երբ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա չէր համաձայնել տարածված տեսակետի հետ, որ նոր Սահմանադրությամբ նախագահն ընդամենը արարողակարգային պաշտոն է եւ ունի սահմանափակ լիազորություններ: Այսինքն՝ Արմեն Սարգսյանն ակնարկել էր, որ ինքը միգուցե չհամակերպվի «անգլիական թագուհու» դերի հետ: Սերժ Սարգսյանը ՀՀԿ խոսնակի միջոցով հասկացնում է, որ նոր Սահմանադրության պայմաններում նախագահը, որքան էլ համարվի պետության գլուխը, միեւնույն է` երկրի ղեկավարը, ասել է թե որոշողը, ինքն է լինելու: Ըստ այդմ, որքան էլ Արմեն Սարգսյանը ոգեւորվի «պետության գլուխը» համարվող նոր պաշտոնով, ստիպված է լինելու համակերպվել վարչապետ Սերժ Սարգսյանի ղեկավարության ներքո «անգլիական թագուհու» դերի հետ:
Ավելի զարմանալի է, որ Արմեն Սարգսյանն է հավաստիացնում, որ եթե առաջադրվի ու ընտրվի՝ քայլ առ քայլ փոփոխություններ է բերելու և փորձելու է շտկել իրավիճակը։ Հրաշալի ցանկություն է, իսկ ինչպե՞ս: Այդ հարցերը վարչապետին պետք է ուղղել, ըստ Սահմանադրության ու ընդունվող օրենքների` նախագահն ընդամենը թուղթ ստորագրող է լինելու ու հյուր ընդունող-գնացող: Եվ արդեն բնավ զարմանալի չի լինի, եթե մեկ տարի անց Արմեն Սարգսյանը թողնի ու գնա Լոնդոն: Իսկ հետո հուշերում գրի, որ ինքը ցանկանում էր լինել չորրորդ հանրապետության առաջին նախագահը, բայց՝ ստացվեց երրորդ հանրապետության չորրորդ նախագահը:
Ստելլա Խաչատրյան