Կառավարության այսօրվա նիստի օրակարգում վարչապետի ուշադրության կենտրոնում էր նաև շրջակա միջավայրի խնդիրները: Վարչապետը նշեց, որ սովորաբար Բնապահպանության նախարարությունն ամեն տարի ներկայացնում է հաշվետվություն, որը կարծես ամեն տարի նույն բովանդակությունն ունի:
«Ամեն տարի մենակ ֆիքսում ենք: Այդ նյութից հասականալի չի՝ համայնքապետն ի՞նչ պիտի անի, պատճառը որտեղի՞ց է, ես չգիտեմ ինչ նյութ ա»,-տեսակետ հայտնեց վարչապետը:
Ըստ Կարապետյանի՝ նախարարությունն ամեն տարի նմանատիպ զեկուցներով և հաշվետվություններով ընդամենը արձանագրում է այն խնդիրները, որոնք առկա են շրջակա միջավայրում, իսկ թե դրանք երբ, ինչ ժամկետներում պետք է վերացվեն, ինչ գործիքակազմ պետք է դրա համար կիրառել, չի նշվում:
Ելնելով վերոգրյալից՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարեց Բնապահպանության նախարարին մեկամսյա ժամկետում ապահովել շրջակա միջավայրում արձանագրված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ վերլուծության իրականացումը և կառավարության աշխատակազմ ներկայացնել գործիքակազմ:
Վարչապետը հանձնարարեց նաև ՏԿԶ նախարարին՝ ձեռնարկել միջոցներ՝ այդ վերլուծության ընթացքում վեր հանված խնդիրների նվազեցման և բնապահպանական վիճակի բարելավման ուղղությամբ՝ դրանց համար ևս սահմանելով ժամկետներ: