ԼՈւՐԵՐ․com-ի զրուցակիցն է «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանը․
-Պարո՛ն Ներսիսյան, Հայաստանի թվային օրակարգի երկարաժամկետ ռազմավարությունն իրականացնելու ուղղությամբ ի՞նչ գործնական քայլեր են կատարվել և կատարվում, ինչպիսի՞ արդյունքներ եք ակնկալում 2018թ. համար: Թվայնացման գործընթացում երկարաժամկետ և կարճաժամկետ բարեփոխումների իրականացման ընթացքում որո՞նք են ամենամեծ և հիմնական խոչընդոտները:
-Վերջին տարիներին Հայաստանը կարևոր քայլեր է ձեռնարկել թվային փոխակերպման եւ զարգացման համար։ Հայաստանում կառավարման համակարգի արդյունավետության եւ թափանցիկության բարձրացման, բիզնես միջավայրի բարելավման համար խիստ անհրաժեշտ է ստեղծել միասնական թվայնացված միջավայր՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները: Նշված գործընթացի կազմակերպման, համակարգման և իրագործման գործառույթը պատվիրակվել է 2017 թվականին ստեղծված «Թվային Հայաստան» հիմնադրամին: Այն «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ մշակել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030» շրջանակային փաստաթուղթը, որն ուրվագծում է կառավարության քայլերը Հայաստանի թվային փոխակերպմամբ Հայաստանը միջազգային չափորոշիչներով մրցունակ երկիր դարձնելու ուղղությամբ։
«Թվային Օրակարգով» սահմանվել են հիմնական 6 ուղղություններ, որոնց հիման վրա կծավալվեն Հայաստանի թվային փոխակերպմանն ուղղված հետագա գործողություններն ու նախաձեռնությունները։ Շրջանակային փաստաթուղթը Հայաստանի թվային փոխակերպման հիմքում շեշտում է «Խելացի» կառավարությունը, թվային հմտություններով օժտված ստեղծարար աշխատուժը, պահանջարկից միշտ մի քայլ առաջ՝ բարձր արդյունավետությամբ, հուսալի եւ մատչելի ենթակառուցվածքները, անվտանգ եւ դիմակայուն կիբեռտարածքը,համաշխարհային մակարդակով մրցունակ մասնավոր հատվածը, փոխկապակցված, համագործակցային եւ գործուն ինստիտուցիոնալ շրջանակը։ Նախաձեռնությունների զգալի մասը նախատեսվում է իրականացնել 2018-2020թթ, այն մենք կոչել ենք «Թվային ցատկ 2018-2020»: Մի շարք հիմնարար փոփոխություններ նախատեսված է իրականացնել հենց այս ժամանակահատվածում։ Փոխգործելիությունը, սահմանային անցակետերում «մեկ պատուհան» սկզբունքով աշխատող ենթակառուցվածքը հենց այս նախագծերից են։
Այլեւս ակնհայտ է, որ Հայաստանի թվային փոխակերպումն անհրաժեշտություն է և այն հնարավորինս արագ եւ նպատակային դարձնելու համար մեզ անհրաժեշտ են ռեսուրսներ, թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային։ Պետական խնայողությունները, քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների որակական փոփոխությունները, թափանցիկությունն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը այն ցուցիչներն են, որ անհրաժեշտ են արդյունավետ և ժամանակակից համակարգ ձեւավորելու համար։ Լիահույս ենք, որ մեզ կհաջողվի այս փոխակերման շուրջ միավորել անհրաժեշտ ռեսուրսներ՝ այն իրականացնելու համար։
-Կառավարության պահուստային ֆոնդից «Թվային Հայաստան» հիմնադրամին հատկացվեց 39 միլիոն դրամ: Ի՞նչ հիմնախնդիրներ լուծվեցին այդ գումարով:
Հիմնադրամն իր իրավասությունների սահմաններում՝ համապատասխան գործիքակազմի և ֆինանսական ռեսուրսների օգտագործմամբ կազմակերպել և իրականացրել է մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝
1) պետական կառավարման ոլորտում առկա թվայնացման ռազմավարությունների գույքագրում,
2) ՀՀ բոլոր պետական մարմիններում առկա ՏՀՏ ենթակառուցվածքների և էլեկտրոնային ծառայությունների գույքագրում և զարգացման գործընթացների աջակցություն,
3) «Թվային Օրակարգի» մշակում,
4) ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, ներդրման և սպասարկման համար կոնցեսիայի պայմանագրի կնքման գործընթացին աջակցության ցուցաբերում,
5) պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների (Mobile ID)
կիրառման գործընթացի իրականացման աջակցություն և այլն։
-Ի՞նչ հաջողություններ եք արձանագրել պետական կառավարման համակարգում էլեկտրոնային կառավարման պետական միասնական քաղաքականության և միասնական չափանիշների ներդրման ուղղությամբ:
«Թվային Օրակարգով» նախատեսվում է մշակել և ներդնել․
Փոխգործելիության ազգային շրջանակը
Հանրային ծառայությունների թվայնացման ճանապարհային քարտեզը
Համակարգերի և թվային ծառայությունների մշակման չափանիշները և ընթացակարգերը
Տվյալների կառավարման ազգային քաղաքականությունը և այլն․
Պարզ է, որ պետական կառավարման համակարգում թվային կառավարման միասնական քաղաքականության և միասնական չափանիշների ներդրումը լուրջ գործընթաց է և այն կպահանջի որոշակի ժամանակ։ Աշխատանքները սկսված են։
-Շարքային քաղաքացին ե՞րբ կզգա` ինչ ասել է թվային Հայաստան: Որքա՞ն ժամանակ է պահանջվելու հիմնադրամից, որպեսզի մեր քաղաքացիների մեծամասնությունը կարողանա օգտվել էլեկտրոնային ծառայություններից:
Հայաստանում ներկայումս գործում է e-gov.am էլեկտրոնային հանրային ծառայությունների մատուցման հարթակը, որն արդեն ավելի քան 30 էլեկտրոնային ծառայություն է մատուցում։ Չնայած իր մատչելիությանն ու պարզությանը, այնուամենայնիվ չեմ կարող ասել, որ դրա կիրառումը շատ ակտիվ է, քանի որ հասարակության շրջանում կա կարծրատիպային ընկալում հանրային ծառայությունների նկատմամբ, որոնք հիմնականում ասոցացվում են շինությունների, հերթերի ու որոշ դեպքերում նաեւ ոչ այնքան բարեհամբույր աշխատակիցների հետ։
Թվայնացումը եւ թվային հասարակության ձեւավորումը եւս մի փուլ է, որ մեր հասարակությունն օր առաջ պետք է անցնի։ Միայն հասարակության թվային գործընթացներին անմիջական ինտեգրման շնորհիվ է, որ որեւէ պետություն կհաջողի թվային փոխակերպումը։
Թվային ծառայություններից օգտվելու առավելությունները, թվային ծառայություններից օգտվելու հասարակության տարրական հմտությունները ժամանակ ու լուրջ ծրագրեր են պահանջում։ Այս տարի նախատեսվում են հանրային իրազեկման արշավներ՝ թիրախավորելով տարբեր սոցիալական խմբերի, տարիքի եւ բնակության վայրի քաղաքացիների՝ թվային փոխակերման ծրագրերը ներկայացնելու, առավելություններն ու հարմարավետությունը, թափանցիկությունն ու ներառական լինելու հատկությունները քաղաքացիներին հասցնելու նպատակով։ Կարեւոր է, որ բոլորը հասկանան ու տեսնեն շոշափելի առավելություններ թվային ծառայությունների մատուցման համակարգում, կարեւոր է նաեւ, որ փորձեն քայլել ժամանակին համընթաց եւ պատրաստակամ լինեն մասը դառնալու Հայաստանի թվային փոխակերպման։
-Որքանո՞վ է Հայաստանը հասանելի և մասնակից համաշխարհային թվային գործընթացներին և այս ուղղությամբ որո՞նք են «Թվային Հայաստան» հիմնադրամի առաջնահերթությունները:
Հայաստանը բաց է եւ պատրաստ ինչպես մյուս ուղղություններում, այնպես էլ թվային փոխակերպման շրջանակներում համագործակցել ու մասը դառնալ միջազգային թվային գործընթացների։ Մեր գործունեության առաջնահերթություններից է նպաստել Հայաստանի բաց քաղաքականությանը, եւ իրականացնել թվային ոլորտում միջազգայնորեն մշտապես արդիական մնալու մեր ձգտումն ու տեսլականը։ «Թվային Հայաստան» հիմնադրամը որպես օրինակ դիտարկում է թվայնացման ոլորտում առաջատար երկրների փորձը՝ ձգտելով Հայաստանի թվային փոխակերպումն ավելի արագ ու արդյունավետ դարձնել։
Այս ամենը մեծ աշխատանք է պահանջում, ուստի անհարժեշտ են լուրջ ներդրումներ ու խելացի ռազմավարություն։ Ինչպես նախկինում պետությունները կառուցում էին երկաթգիծ, որպեսզի կապվեն այլ երկների ցամաքային ուղիներին, այժմ թվային ենթակառուցվածնքների դարաշրջանն է, եւ մենք պետք է գիտակցենք ու աշխատենք որակյալ, անվտանգ ենթակառուցվաքներ զարգացնել, որ մասը դառնանք գլոբալ թվային շարժի։
-Գործունեության մեկնարկից հետո հիմնադրամը ՀՀ և միջազգային ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների հետ համագործակցության ի՞նչ ձևաչափ է սահմանել, արդյո՞ք մեր երկրում չկա համապատասխան կադրերի խնդիր։
Այսօր ոչ միայն Հայաստնում այլ նաեւ ամբողջ աշխարհում ՏՏ ոլորտի դերն ու նշանակությունը կարեւորվում է պետության կառավարման համակարգի որակի, անվտանգության ինչպես նաեւ տնտեսության զարգացումն ապահովելու համար։ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգաիների ոլորտը մեծ զարգացում է գրանցել։
Սկսած 2000թ ՀՀ կառավարությունը աջակցում եւ խթանում է ոլորտը։ Այսօր կարող ենք հաստատել, որ ունենք միջազգային շուկաներում ձեռքբերումներ գրանցած ու մրցունակ մասնագետներ, բայց եւ պետք է նշել, որ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որը թույլ կտա մշտապես համալրել որակյալ մասնագետների պակասը։ Հայաստանի թվային փոխակերպման օրակարգի վեց հիմնական ուղղություններից մեկը վերաբերում է հենց այս ոլորտի շարունակական խթանմանն ու մասնագետների պատրաստման-վերապատարաստմանը։
Բնական է, որ Հայաստանի մասնագետների կողմից առաջարկվող թվային ապրանքները դիտարկվելու են առաջնահերթությամբ։
Լիահույս ենք, որ Հայաստանի թվային փոխակերպումը էլ ավելի կնպաստի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը։
Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի