Ազգային ժողովի ընդունած օրենքների 90 տոկոսը, ինչպես նախորդ գումարման Ազգային ժողովում, այնպես էլ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պարագայում, Ազգային ժողով է ներկայացնում Կառավարությունը: Այս պատկերն արձանագրել է «Պառլամենտ մոնիթորինգ»-ը: Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ պատգամավորների մոտ հաճախ օրենքների մշակման համար ժամանակ չի լինում, այդ իսկ պատճառով, նա ընդունելի է համարում օրենսդրական նախաձեռնությունների պատվիրումը:
Հայտնի է, որ ԱԺ պատգամավորը գործ ունի օրենքի հետ՝ գրում է օրենքը կամ լրացնում արդեն գրված օրենքի բացերը։ Այսօրվա ՀՀԿ խմբակցությունն իր կազմում գրեթե օրենք գրող չունի: ԱԺ-ում ՀՀԿ-ն վճռորոշ մեծամասնություն է, ինքն իրեն կարող է թույլ տալ անգրագետ լինելու շռայլությունը. օրենքն ուղնուծուծով ընկալողներն այդ խմբակցությունում 2-3 հոգի են, այսինքն՝ խելքի տեսանկյունից ջախջախիչ փոքրամասնություն են։ Խմբակցության անդամների 95 տոկոսը կոճակ սեղմող է։ Հնարավոր չէ, որ 5 տարի 2-3 հոգի տքնաջան օրենք գրեն և վատ չզգան, որ աշխատում են մնացածի փոխարեն։ Իսկ այժմ փորձենք հասկանալ՝ ինչով են այդքան բազմազբաղ հայրենի երեսփոխանները, որ անգամ իրենց բուն պարտականությունները կատարելու համար ժամանակ չի մնում: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պատգամավորների զգալի մասը խորհրդարան է գնում հաճույքի համար: Նրանց զգալի մասը գնում է ԱԺ, բարեխղճորեն հաստատում օրակարգը, պարտաճանաչ ձեւով կողմ քվեարկում այն օրինագծերին, որոնք կառավարությունը կամ կոալիցիան է ներկայացրել, նույն պարտաճանաչությամբ էլ դեմ քվեարկում ընդդիմության ներկայացրած օրինագծերին՝ առանց ծանոթանալու դրանց բովանդակությանը:
Ինչպես ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն էր ասում` «պատգամավորների ճնշող մեծամասնությունը քվեարկում է այնպես, ինչպես իրենց թելադրվում է», իսկ այս դեպքում թելադրողը կառավարությունն է, քանի որ վիճակագրությունը ցույց է տալիս` գործադիր մարմնին է բաժին ընկնում օրենսդրական նախաձեռնությունների 90%-ը, ինչից կամովին հրաժարվել են պատգամավորները: Նրանք այլեւս օրենքներ չեն գրում, հանգիստ նստում են, կառավարությունից կողմ քվեարկելու հրահանգով նախագիծը գալիս է, իրենք էլ մի քանի «կոսմետիկ» փոփոխություններ են անում, եւ օրենքն այլեւս իրականություն է: Եվ իհարկե, այս պարագայում կարելի է պատվիրել օրենքները: Ինչպես ասում են՝ փողին մուննաթ: Հարկատուների փողին: Հարցի բարոյական կողմից զատ, առկա են նաև բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր,որովհետև գոյություն չունեն վերահսկման մեխանիզմներ, որոնց օգնությամբ հանրությունն առնվազն վստահ կլինի, որ իրենց հարկերից գոյացած փողերն օրենք գրելու «սուրբ գործին» են ծառայել:
Ստելլա Խաչատրյան