Չնայած նրան, որ մինչ ապրիլ դեռ մեկ ամիս ժամանակ կա, սակայն կառավարությունում արդեն իսկ կադրային որոշակի շարժ է սկսել: Երեկ, վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը ազատվել է պաշտոնից: Այսօր արդեն իսկ տեղեկություն է տարածվել, որ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը: Ղահրամանյանն այդ պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականի հուլիսի 31-ից:
 
Այս կադրային փոփոխությունները ուշագրավ են երկու դիտանկյունից: Մի կողմից, կարելի է ենթադրել, որ եթե Սերժ Սարգսյանն արդեն իսկ որոշում է կայացրել առաջադրվելու վարչապետի պաշտոնում, տրամաբանական է, որ ձեռնամուխ է լինում կառավարությունում՝ իրեն հարմար կոնյուկտուրայի ձևավորմանը: Բնական է, որ փոփոխությունները սկսվել են, այսպես ասած՝ երկրորդ էշելոնից, քանի որ մինչ կառավարության հրաժարականը՝ քիչ ժամանակ է մնացել, և այս պահին կադրային ջարդ անելու նպատակահարմարությունը զրո է: Նոր կառավարության կազմը մեծապես կախված է լինելու այն հանգամանքից, թե ինչ ֆորմատով և որ քաղաքական ուժի հետ  կկազմվի կոալիցիոն կառավարություն՝ «վերահսկիչ փաթեթը» պահպանելով ՀՀԿ ձեռքում: Այս առումով՝ իրենց ապահովված չեն կարող զգալ ոչ ՀՀԿ-ական, ոչ էլ՝ առավել ևս, դաշնակցական նախարարաները:
  
Մյուս կողմից, վարչապետի մեկ այլ հրամանով նախարարի տեղակալ նշանակված Ամալյա Եղոյանին չես անվանի Սարգսյանական կադր, և այս տեսանկյունից գուցե հենց Կարեն Կարապետյանն է նման փոփոխություններով փորձում ամրապնդել թիկունքը հենց երկրորդ էշելոնում, հասկանալով, որ առաջին էշելոնը ամբողջությամբ սարգսյանական թևն է լինելու և առաջին փոխվարչապետ Կարապետյանի համար՝ էլ ավելի դժվար է դառնալու «դրայվով հուպ տալը»: Եթե, իհարկե, նա դեռ նման ցանկություն ունի…
 
 
Ստելլա Խաչատրյան