Փետրվարի 22-ի Կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի շարքում է ընդգրկված նաև  «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնին ներդրումային ծրագրի շրջանակներում արտոնությունից օգտվելու մասին որոշման նախագիծ, որը վարչապետին կզեկուցի  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ 
 
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ բժշկական կենտրոնում  կիրականացվի ներդրումային խոշոր ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել  828 ՀՀ մլն  դրամի չափով ներդրում։
 
Արվող ներդրումների շնորհիվ նախատեսվում է վերազինել արդեն իսկ գործող բժշկական կենտրոնը ամբողջովին նոր սարքավորումներով։
 
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 22 աշխատատեղ, միջին աշխատավարձը կկազմի 255 հազ. ՀՀ դրամ, որը 2019 թ․-ին կհասնի 265, իսկ  2020 թ.-ին՝ 270 հազար դրամի։
 
Այս ներդրումային ծրագրերի իրականացման համար, սակայն, անհրաժեշտ է, որպեսզի Կառավարությունը փոփոխություն կատարի 2017 թ․ սեպտեմբերի 7-ի Ն1122-Ա որոշման մեջ՝ Ներդրումային ծրագրի շրջանակներում «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերու­թյանը տալով հնարավորություն՝ օգտվել  ներմուծվող ապրանքների դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնությումից, որը կազմում է 426,7 մլն ՀՀ դրամ։

Կառավարություն ներկայացված որոշման նախագծի մեջ նաև նշված է, որ ընկերության և մատակարարների միջև առաջացել էին որոշ անճշտություններ՝ ներմուծվող սարքավորումների ժամկետների մասով, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխությունն իրականացնել որոշման մեջ։