Երեկ Արմինե Եղիազարյան-Կոբելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել՝ ցույց տալով իր 2 տարեկան փոքրիկի ձեռքի վնասվածները: Ծնողները մեղադրում են «Սուրբ Աստվածմայր» բժշկական կենտրոնի բժիշկներին՝ պնդելով, որ վնասվածքն առաջացել է կատետրը օրեր շարունակ երեխայի ձեռքին թողնելու հետևանքով:
ԼՈւՐԵՐ.com-ը պարզաբանում ստանալու համար կապ հաստատեց «Սուրբ Աստվածմայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հետ: Մեզ հետ զրույցում Դալլաքյանն ասաց, որ երեխայի մոտ առկա է ալերգիկ ռեակցիա.
«Ծնողները քիչ առաջ երեխայի հետ միասին հիվանդանոցում էին: Մենք տեսանք, որ երեխայի մոտ կա մաշկի բորբոքում, որը ոչ թե կատետրի սխալ տեղադրման հետևանքով է եղել, այլ ալերգիկ ռեակցիա է կպչուն սպեղանու հատվածում: Երակի բորբոքում չկա, ենթամաշկային վնասվածքը դեղի ներմուծման արդյունքում չի առաջացել:
Եթե կատետրը նորմալ աշխատում է, բորբոքում չկա դրա շուրջ, բնականաբար, կպչուն ժապավենը, որը ֆիքսում է կատետրը, ամեն րոպե չի հանվում, դրվում: 3 օր կատետրը ֆիքսած է եղել, երբ կպչուն ժապավենը հանել են, տեսել են, որ մաշկային խնդիր է առաջացել»,- նշեց «Սուրբ Աստվածմայր» ԲԿ-ի տնօրենը:
Նրա խոսքով՝ երեխան սպիտակամորթ, նուրբ մաշկով երեխա է, որի մոտ ռեակցիան փոքր-ինչ ավելի արտահայտված է:
«Ծնողերի հետ էլ ենք զրուցել, համապատասխան բուժում ստանալու արդյունքում վնասվածքը ժամանակի ընթացքում կանցնի: Տեղային բուժում է անցկացվելու, որը կբերի ապաքինման»,- ասաց Դալլաքյանը:
Ստորև ներկայացնում ենք Արմինե Եղիազարյան-Կոբելյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ուզում եմ մտքերս հավաքել, որ կարողանամ կորեկտ ու առանց էմոցիաների արտահայտվել: Մենք ընդամենը բուժվել ենք Ծերեթելի հիվանդանոցում, սա կատետրի հետևանքն է 2-րդ կարգի այրվածք, սա անփութության հետևանքն է, սա անմարդկության հետևանքն է 2 տարեկան տղայիս նկատմամբ: Վերջին 2 օրը ասում էի փոխեք կատետրը, ասում էին, նորմալ ա, բան չկա:
Ուղղակի նենց եմ ուզում ասել` կդորըմ մարդ եղեք, մարդիկ:
Ինձ չեմ կարողանում ներել, որ իրանք անպատիժ են մնալու, որ երեխայիս չպաշտպանեցի, որ չպնդեցի փոխեն, որ ինքս չպոկեցի էդ կատետրը....»: