«Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի հիշատակին Կալիֆորնիայի գրողների միությունից Վրեժուհի Հարությունյանը բանաստեղծություն է նվիրել:
Հարությունյանի բանաստեղծությունը՝ ստորև,
Երազ
Այսօր իմ տան շեմին,
Երկնից բոցեր ընկան,
Արեգնաբաշ ծովեր ընկան իմ տան շեմին...
Այսօր արծիվների երգը փոխվեց երթի,
Գինիս գույներ թափեց իմ տան շեմին:
Ու Երևանի իրիկնային մուժում,
Սավառնում էր հոգին ալեծուփ ու խրոխտ,
Ու մեր հին քաղաքի փողոցներում փոշոտ,
Խրախճանք էր հոգու ազատության, երգի:
Եվ շքերթ էր հզոր, արծիվների երթ էր...
Հզոր արծիվների զորահանդես ու տոն:
Ոչ ոք չկար բանտում, նկուղներում կեղտոտ,
Ժանգոտ ճաղերի մոտ «Արթո՜ւր» էլ չեն գոռում:
Լոկ բանտերի ջարդված դռների մոտ,
Բորենիները կծկվել վախից...
Բորենիները լեշոտ բերանով
Արյունոտ հաց են հոշոտում նորից,
Կույր ու ցամաքած հոգիների մեջ
Արյուն են խժռում, թռիչք,
Հայրենիք...
Ու չեն էլ տեսնում,
Որ լուրթ կապույտում
Ճախրում են, երգում,
Բոլոր դարերի
Արծիվները հայոց:
Ու նրանց հզոր, անկանգ երթի մեջ,
Արթուրի հոգին մաքուր, անարատ
Իր երգն է երգում.
-Հաց եմ բերել, տղերք, հաց եմ բերել:
Հոգուս պարտքն եմ բերել,
Սուրբ նշխարհք եմ բերել
Ես բոլորիդ:
Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հիշատակին