Քիչ առաջ ավարտվեց նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հանդիպումը: Հանդիպումից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ որոշում է կայացվել Արմեն Սարգսյանին առաջադրել կոալիցիայով:
  
«Ես կարծում եմ, որ շատ բնական որոշում է: Այս ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել պարոն Սարգսյանի հետ, քննարկել ենք կոալիցիայով և հասկացանք, որ ավելի նպատակահարմար է համատեղ այս առաջադրումը կատարել: 

Հանդիպումներ եղել են, և այն պատկերացումները, որ ունի պարոն Սարգսյանը, ամբողջովին մեզ բավարարում են»,- ասաց Վարդանյանը:

Նրա կարծիքով՝ Արմեն Սարգսյանի պատկերացումները համահունչ են մեր ժողովրդի ցանկություններին. «Քիչ առաջ արդեն երկու խմբակցություների պատգամավորների առջև շարադրեց իր պատկերացումները՝ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում իր անելիքների, մեր երկրի, ժողովրդի ապագայի վերաբերյալ: Կարծում եմ՝ այդ պատկերացումները համահունչ են յուրաքանչյուր քաղաքացու մտածումներին, պատկերացումներին, ցանկություններին: Ես վստահ եմ՝ պարոն Սարգսյանն ընտրվելու պարագայում կկարողանա լավագույնս արժեքների առումով, մեր երկրում ստեղծել մթնոլորտ, որը մեր երկիրը կտանի իրական ժողովրդավարության, տնտեսական զարգացման, հզորացման»,- նկատեց պատգամավորը: 

Տեսանյութը՝ armlur.am-ի: