Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովում ընթանում են ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի շուրջ:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն ԱԺ ամբիոնին մոտեցավ դպրոցական պատմության դասագիրքը ձեռքին և ընթերցեց դասագրքում ներառված նյութը Մարտի 1-ի մասին։
«Երկու-երեք տող է գրված՝ անընդհատ հանրահավաքներ, լարված իրավիճակ է, մարտի մեկ-երկուսը հանգեցրին ողբերգական դեպքերի, երկրում մտցվեց արտակարգ իրավիճակ»,-Հայոց պատմության 12-րդ դասագրքից մի փոքր հատված ներկաների համար մեջբերեց Բարսեղյանը՝ ընգծելով, որ Հայաստանում մտցվել է ուղիղ գրաքննություն, որի համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։
«Էս են կերցնում մեր աշակերտներին»,-ասաց նա։
Բարսեղյանն այս մեջբերումից հետո նշեց, որ այսօրվա անցկացվող լսումներն ընդամենը էմոցիոնալ մխիթարանք են, քանի որ առանց սրա էլ բոլորին է հայտնի, որ դիրիժորը եղել է Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ պատասխանատուն՝ ի պաշտոնե՝ Սերժ Սարգսյանը։