ՌՀՄ Կրասնոդարի երկրամասի տարածքային ստորաբաժանումը հայտարարություն է տարածել, անդրադառնալով ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանի մեղադրանքներին ընդդեմ Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի:
Հայտարարության մեջ նշված է, որ չնայած Արա Աբրահամյանը պաշտպանության կարիք չունի, այնուամենայնիվ, իրենք չեն կարող անմասն մնալ և ցանկանում են իրենց դիրքորոշումն արտահայտել Գրիգորյանի վիրավորական արտահայտությունների և մեղադրանքների վերաբերյալ:
ՌՀՄ Կրասնոդարի երկրամասի մասնաճյուղի ներկայացուցիչները նշել են, որ Աբրահամյանի նկատմամբ ծայրահեղ անհարգալից կլիներ նրա արժանիքների և գործունեության մասին վկայությունները սահմանափակել պարզ հաշվապահական հաշվետվությամբ՝ թվարկելով նրա կողմից ծախսված անձնական նյութական միջոցները ողջ սփյուռքի համար։
«Արա Աբրահամյանն այն մարդկանցից է, ով երբեք չի հանրայնացնում իր բարեգործական գործունեությունը: Հնարավո՞ր է արդյոք թվարկել այն ամենը, ինչ նա արել և անում է: Եվ վստահ ենք, կշարունակի անել»,-ասված է հայտարարության մեջ:
ՌՀՄ ներկայացուցիչները Գրիգորյանին ուղղված խոսքում նշել են, որ ոչ ոք չի խանգարում յուրաքանչյուրին անել այն, ինչ Աբրահամյանն ու այլ հայ բարեգործներ են անում:
Հայտարարության վերջում հիշատակվում է կրասնոդարցիների համար շատ մեծ գործեր իրականացրած, 90-ամյա Զավեն Հմայակի Արաբյանցի խոսքերը.
«Ես արել եմ այն ամենը, ինչ կարող էի, իսկ դուք արեք ավելին»:
ՌՀՄ Կրասնոդարի երկրամասի տարածքային ստորաբաժանման հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև: