Փերվարի 28-ին կայացած «Հայկյան-2017» մրցանակաբաշխության ժամանակ դերասան, երգիչ Արամ MP3-ն պարգևատրվել է հատուկ մրցանակով: Միջոցառումը տեղի է ունեցել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որին ներկա է եղել Նախագահ Սերժ Սարգսյանը:Նախագահն անձամբ է պարգևատրել տարբեր անվանակարգերում հաղթած մրցանակակիրներին:

Սերժ Սարգսյանը Արամ MP3-ին մրցանակ է հանձնել Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» նախագծի՝ կարճ ժամանակում երիտասարդների շրջանում լայն ընդունելության արժանանալու և մեծ լսարան գրավելու համար:

 

Նշենք, որ տարբեր անվանակարգերում մրցանակների են արժանացել 2017 թվականին իրենց լավագույնս դրսևորած և հետաքրքիր նախաձեռնություններով հանդես եկած երիտասարդները, երիտասարդական խմբերն ու կազմակերպությունները, մրցանակ են ստացել նաև առանձին երիտասարդական ծրագրերը:

«Հայկյան-2017» մրցանակներ են շնորհվել, մասնավորապես՝ «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին», «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ», «Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին», «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում», «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ», «Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ», «Լավագույն երիտասարդական հաղորդում, լրատվական նախագիծ», «Լավագույն միջբուհական ծրագիր», «Լավագույն երիտասարդական ՀԿ Երևան քաղաքում», «Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում», «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» անվանակարգերում: Ավանդական անվանակարգերից բացի, շնորհվել են նաև հատուկ մրցանակներ: