ԱԺ-ում մեկնարկած Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունն ավարտվեց: Թեկնածուն մեկն էր՝ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանն ամփոփեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը: 

Եվ այսպես՝ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությանը մասնակցել է 93 պատգամավոր: 

Երկու քվեաթերթիկ համարվել է անվավեր: Կողմ 64, դեմ՝ 27 ձայների հարաբերակցությամբ Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ: 

Նշենք, որ ԱԺ-ում ՍԴ անդամի թափուր տեղի համար ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում ՍԴ անդամի միակ թեկնածու Հրայր Թովմասյանը հայտարարեց. «Ես այս պահին հայտարարում եմ, որ վերջակետ եմ դնում որպես քաղաքական գործիչ կարիերային, որքան էլ դա ցավալի լինի», - հայտարարեց նա՝ չցանկանալով պատասխանել իրեն ուղղված քաղաքական մեղադրանքներին:

«Ես ոչինչ չեմ արել, որ իմ կյանքում դրա համար ամաչեմ, որ իմ խղճի հետ ես երբևէ կռիվ ունենամ»,- անդրադառնալով գործընկերների էմոցիոնալ ելույթներին՝ ասաց Թովմասյանը:

Նա նշեց՝ ԱԺ-ում կա մի համախմբվածություն՝ բոլորը համակարծիք են մեկ հարցի շուրջ, որ Սահմանադրականության գերակայության ապահովումը ու արդարադատության որակի բարձրացումը Հայաստանի առջև ծառացած տասնյակ խնդիրների լուծման բանալին է. «Ես վստահեցնում եմ, որ ջանք ու եռանդ չեմ խնայի, կներդնեմ իմ ողջ ներուժը, իմ գիտելիքները՝ մեր երկրում այս խնդիրների լուծման և ապահովման համար»,- ասաց նա:

Նշենք, որ ՍԴ անդամ Կիմ  Բալայանի՝ թոշակի անցնելուց հետո ՍԴ անդամի մեկ թափուր տեղ էր մնացել:

Հիշեցնենք, որ  Հրայր Թովմասյանը ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր, սակայն հրաժարական էր տվել՝ ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար թեկնածություն ներկայացնելու համար: