«Ինքնասպանությունների կանխարգելման գործում մեծ է հասարակության դերակատարությունը, և այս հարցը թողնել միայն հոգեբանների ուսերին՝ սխալ է։ Եթե քաղաքացին արդեն որոշել է ինքնասպան լինել, մենք դա չենք կարող կանխել, օրինակ, կամուրջների տակ պաշտպանիչ ցանցեր տեղեկայելով, քանի որ նա կգտնի այլ տարբերակ։ Եթե արդեն ինքնասպան լինելու որոշում են կայացրել տարբերակները նրանց չեն կանգնեցնի։
Ինքնասպանությունների կանխարգելման գործում մեծ դրական ազդեցություն ունի հենց հասարակությունը, պետք է կոտրել քաղաքացու մեջ առկա անտարբերությունը և ինքնասպանությունները չկապել սոցիալական վատ պայմանների հետ, քանի որ կա հստակ վիճակագրություն, որ առավել շատ ինքասպանություններ լինում են հենց սոցիալապես ապահովված երկրներում»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանն՝ ընդգծելով, որ գարնան և աշնան ամիսներին նկատվում է ինքնասպանությունների թիվն աճում է, քանի որ դա կապված է սեզոնային սրացումների հետ։
Վերջինս, որպես կանխարգելման եղանակ, առանձնացրեց հոգեբանի ինստիտուտից գրագետ և ճիշտ օգտվելու կուլտուրան, որը դեռևս մեզանում բավարար մակարդակի վրա չէ․ «Այ, երբ մենք կունենանք այնպիսի հասարակություն, որտեղ հոգեբանի մոտ այցելելը ամոթ չի լինի, երբ հոգեբանական խորհրդատվությունից օգտվողին այլ կերպ չեն դիտարկի, երբ ամբողջ դպրոցով չեն ծիծաղի երեխայի վրա այն բանի համար, որ նա այցելել է հոգեբանի մոտ, այն ժամանակ էլ մենք կկարողանանաք նախ բացահայտել ինքնասպանությունների պատճառները, այնուհետև կանխարգելել դրանք»,-ասաց հոգեբանը։
Խոսելով ինքասպանության գնալ փորձող դեռահասների մոտ նկատվող ախտանշանների մասին՝ հոգեբանն առանձնացրեց դրանցից մի քանիսը, որոնց առկայությունը փաստում է՝ առկա է հոգեկան անհավասարակշիռ վիճակ․ «Ինքնասպանության գնացողը մի օրում չի դա որոշում։ Քանի դեռ տեսնում են, որ դեռահասը ոչ ադեկվատ է արձագանքում իրադարձություններին և անտարբեր է ընտանիքը սրան՝ մենք ունենալու ենք նման դեպքեր։ Ակնհայտ ախտանշաններից են նաև տրամադրության անկումը, քնի խանգարումը, ախորժակի վատացումը, ապատիան և զառանցանքը։ Ահա այն ախտանշանները, որոնք դեռահասի մոտ նկատելիս պետք է ընտանիքը հասկանա՝ առկա է ինքասպանություն գործելու վտանգ»,-նկատեց նա։
Մասնագետն անդրադարձավ նաև ինքնասպանությունների թեմաների լուսաբանման խնդրին և նշեց, որ այս թեման պետք է ոչ թե չլուսաբանել, այլ լուսաբանել այնպես, որ դա ինքնասպանության գովազդ չլինի․ «Պետք է լուսաբանել թեման, բայց ոչ այնպես, որ դա բերի ռեյտինգ և դառնա գովազդ։ Ցավոք սրտի, մենք այս հարցում հասել ենք այնպիսի մի վիճակի, երբ պատրաստ ենք հանուն ռեյտինգի լուսաբանել ամեն ինչ և ցույց տալ անգամ սեփական հարազատի մերկ մարմինը»,-ասաց հոգեբանը։
Աղավնի Սուքիասյան