ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում մարտի 5-ին տեղի է ունեցել Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառմանը ներկա էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունները ներկայացնող դեսպաններ ու դիվանագետներ, պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Վաշինգտոնում «Ալյանս Ֆրանսեզ» կենտրոնի, Սմիթսոնյան հաստատության և այլ մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ:
Երեկոյին բացման խոսքով հանդես եկավ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ով ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի գալիք նախագահության առաջնահերթությունները և ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Երեկոյի ընթացքում Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի գլխավոր մրցանակին (Grand Prix) արժանացավ «Ալյանս Ֆրանսեզ» կենտրոնի գործադիր տնօրեն Սարա Դիլիջենթին' ֆրանսերեն լեզվի ու ֆրանսիական մշակույթի տարածմանն ուղղված շարունակական ջանքերի համար:
Ֆրանկոֆոնիայի փառատոնի բացման արարողությանն երաժշտական կատարումներով հանդես եկան հայիթիացի երաժիշտ Դևիդ Բալթազարը և Լևոն Միքայելյանի ջազային տրիոն»: