Նախօրեին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխությունների հետ կապված քննարկումների ժամանակ հայտարարել է, որ Կադաստրի պետական կոմիտեն կարող է լուծարվել, քանի որ փոխված Սահմանադրությունը պահանջում է, որ կառավարությանն առընթեր մարմինները պետք է միանան որևէ գերատեսչության, կամ կառուցվածքային համապատասխան փոփոխություններով նախարարության կարգավիճակ ստանան: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ եթե կոմիտեն կատարում է մի քանի նախարարությունների առնչվող գործառնություններ, և երբ այդ գործառույթները բաժանվեն նախարարությունների միջև, ապա Կադաստրի կոմիտեի գոյությունը կդառնա ավելորդ: Ըստ որոշ տեղեկությունների՝ կադաստրը միանալու է պետգույքի կառավարման վարչության հետ եւ այդ նոր կառույցի ղեկավար է դառնալու պետգույքի վարչության ներկայիս պետ Արման Սահակյանը, իսկ լուծարվող կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանը գնալու է վաստակած թոշակի: Իհարկե, այս ամենը դեռ խոսակցությունների մակարդակում են, այստեղ կարևոր է այն փաստը, որ սա ընդամենը մեկ պաշտոնի հավանական փոփոխությունն է: Հիմա եկեք պատկերացնենք, որ դրանք տասնյակների են հասնելու: Իսկ դա արդեն մի բան է նշանակում` վերնախավը պիտի նախապատրաստվի ծանր ցնցումների: Գալիս է իշխող խավի ներքին առճակատումների տագնապալի ժամանակը, քանի որ նեղացածների թիվը փոքր չի լինի: Արդյո՞ք  Սերժ Սարգսյանը կկարողանա կրկին շահել նրանց սիրտը, և ինչ կարող է տալ նրանցից խլված աթոռների փոխարեն:

 

Մեր նման երկրներում վերնախավի ներսում առկա հակասությունները սովորական երևույթ են: Ավտորիտար երկրներում վերնախավը մոնոպոլացնում է քաղաքական պրոցեսները, քաղաքական հակասություններն այդ շարքում դառնում են բացառապես ներիշխանական պատերի ներքին խնդիրներ: Այդ խնդիրները դրսևորվում են ամենացածր օղակներից մինչև ամենաբարձրերը:  Սովորաբար, հայաստանյան վերնախավը կարողանում է իր հարցերը լուծել ներսում, խոսել, կարգավորել, գալ կոմպրոմիսի: Այդ հակասություններից մեզ հասնող տեղեկությունները հիմնականում մամուլի միջոցով իրար դեմ արվող արտահոսքերն են, որոնց նպատակը հասարակությանը քաղաքական գործընթացներին տեղյալ պահելը չէ, այլ իրար ակնարկելը, որ սակարկման գործընթացում առկա դժվարությունների սրման դեպքում կողմերից մեկնումեկը կարող է օգտագործել նաև հասարակությանը:

Հասարակությունը, այդ թվում ընդդիմադիր ուժերը, ներիշխանական բախումներում դառնում են գործիք, միմյանց դեմ ուժ ցույց տալու միջոց: Բայց այս ներիշխանական բախումները կարգավորելու սահմանը չափազանց բարակ է: Միշտ կա վտանգ, որ ներիշխանական հակասությունները կոմպրոմիսային ձևով չկարգավորելու դեպքում դրանք կարող են դուրս գալ ու դառնալ հանրային, արտահոսքից վերածվել իսկապես հանրային սեփականության: Սա ավտորիտար երկրներում տեղի ունեցող հեղափոխություններին նախորդող հիմնական սցենարն է: Կանխատեսել մենք չենք կարող, թե ինչ կլինի, դուրս կգա՞ն այդ ցնցումները նախագահականի, կառավարության կամ Մելիք-Ադամյան 2-ի պատերից, թե՝ ոչ: Սակայն հասկանալի է, որ ՀՀԿ-ի համար արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն լինելու:

 

Ստելլա Խաչատրյան