«Մեր խնդիրն Արցախի միջազգային ճանաչումն ապահովելն է, որը կարող ենք իրականացնել` միջազգային կառույցներին հասցնելով, որ պետություն է հիմնադրվել ազգերի ինքնորոշման իրավունքից ելնելով, իսկ այդ պետության ճանաչումն անհրաժեշտ է քաղաքակիրթ հասարակության համար»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը` անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի` ԱՄՆ կատարած այցին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն քաղաքականություն թելադրող հզորագույն պետություն է, որի հետ պետք է աշխատել, քաղաքական ինստիտուտներին ներկայացնել խնդիրները, փորձել դրական իմիջ ձևավորել, որպեսզի Արցախի ճանաչումը դառնա օրակարգային:
Անդրադառնալով Բակո Սահակյանի այցին ԱՄՆ՝ Բագրատյանը նկատեց, որ այս ընթացքում Գլենդելի փողոցներից մեկն Արցախ է անվանակոչվել, ինչը փաստում է այն մասին, որ ցանկացած դրական տեղաշարժ իր լուման է ունենալու Արցախի միջազգային ճանաչման հարցում, իսկ Արցախն արդեն կատարել է իր պետականության քայլերը. «Պետություն ունենալու ինստիտուտներն արդեն կայացել են: Արցախն իրավունք ունի պահանջելու ճանաչում: Պահանջների ձևակերպման տարբեր ձևաչափեր կան, իհարկե, հզորագույն երկրի ինստիտուտների հետ առաջին դեմքով աշխատելն արդյունավետ ճանապարհ է»,-նշեց Բագրատյանը:
Հիշեցնենք, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 12-ից աշխատանքային այցով գտնվում ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում:
Տեսանյութը՝ tert.am-ի