ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը մարտի 14-ին որոշում է ստորագրել, որով նախատեսվում է սկսել ՀՀ ֆինանսների նախարարության և Վերականգնված վարկերի բանկի (KFW) միջև 2017 թվականին ստորագրված վարկային պայմանագրով նախատեսված 80 մլն եվրո վարկի՝ երկրորդ 40 մլն եվրոյի տրամադրման գործընթացը։
80 մլն եվրո վարկ վերցնելու վերաբերյալ՝ Կառավարությունը դեռևս 2017 թվականի նոյեմբերին էր որոշում ընդունել։ Այն ժամանակ, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել էր, որ սա բյուջետային օժանդակության վարկ է և այն համահունչ է 2017 թ.-ի բյուջեի մասին օրենքում ամրագրված դեֆիցիտի ֆինանսավորման բյուջետային օժանդակության ցուցանիշին, որը 220 միլիոն է, ինչի 40 միլիոնը ծածկվելու է այս բյուջետային օժանդակության վարկով:
Նախարար Արամյանը նաև հիմնավորել էր, որ 80 միլիոն եվրո արժողությամբ վարկը երկու տրանշից է բաղկացած՝ 40 միլիոնը Հայաստանը ստանալու է 2017-ին, իսկ մյուս 40-ը՝ 2018-ին։
Եվ ահա, 80 մլն եվրոյի երկրորդ մասը հասավ Հայաստան և հետաքրքական է, որ Վերականգնված վարկերի բանկի կողմից տրամադրված այս վարկն ամբողջությամբ նախատեսված է ջրային, կոշտ թափոնների կառավարման և գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների ներդրման ոլորտների համար, վարկի օգտագործման նպատակների մեջ չկա մի կետ, որով, օրինակ, նախատեսվեր այդ վարկով աշխուժացնել տնտեսությունը կամ ստեղծել աշխատատեղ և հիմնել արտադրություն։
Այս 80 միլիոնն էլ, ինչպես բազմաթիվ այլ վարկեր, նախատեսված են նորաստեղծ ջրային ակտիվների աջակցության, ռազմավարության մշակման և նամանտիպ այլ խուճուճ պահանջների համար։
Եվ սա այն դեպքում, երբ 2018 թվականին Հայաստանի արտաքին պարտքը 6 մլրդից ավելի է, մոտենում է գրեթե 7 մլրդի շեմին, իսկ 400 միլիոն դոլարի չափով արդեն այս տարի մենք պետք է արտաքին պարտք սպասարկենք, որի համար էլ 2018 թվականի բյուջեով չնախատեսվեց ո՛չ աշխատավարձի, ո՛չ թոշակների բարձրացում և փոխարենն ունեցանք գնաճ և թանկացում։
Աղավնի Սուքիասյան