Առցանց սոցիալական ծառայություններ մատուցելու գործընթացն ընդլայնվում է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը' ամփոփելով վերջին վեց ամսվա կատարված աշխատանքները:

«Ինչպես գիտեք, հնարավորություն էր ստեղծվել առաջին, երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար դիմել առցանց: Այս ընթացքում 54 հազարից 32 հազարը դիմել է առցանց: Այժմ ընդլայնել ենք գործընթացը, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան նպաստի համար ևս կարելի է դիմել առցանց, գործիքակազմը ներդրված է www.epension.am կայքում»,-ասաց Հովհաննես Սահակյանը:

Նա տեղեկացրեց, որ մարտի 1-ի դրությամբ առցանց կարելի է դիմել ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ նշանակելու, խնամքի նպաստի իրավունքը վերականգնելու, թաղման նպաստը ստանալու համար:

«Սա մեր որդեգրած քաղաքականությունն է: Ինչպես գիտեք, կառավարության գերակա ուղղությունը առցանց մատուցվող ծառայությունների թիվն ավելացնելն է: Առաջիկայում ևս կունենանք առցանց մատուցվող ծառայություններ: Այստեղ կարևոր է, որ մյուս պետական մարմինները ևս ունենան էլեկտրոնային շտեմարան գործընթացն արագ կազմակերպելու համար»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով՝ նոր գործիքակազմ ևս դրված է, ըստ որի, քաղաքացիների կացության ակտերի գրանցման գրասենյակներում ծննդյան վկայականը ստանալու ժամանակ տեղում կարող են լրացնել ծննդյան միանվագ նպաստ ստանալու դիմումը: Այսինքն' մեկ վայր այցելեով' լրացվում է երկու դիմում, և քաղաքացին ստանում է համապատասխան ծառայությունը: