Երեւանում ընտրական տեղամաս է բացվել Ռուսաստանի նախագահական ընտրություններում քվեարկելու համար: Հայաստանում մշտապես բնակվող կամ ժամանակավոր գտնվող Ռուսաստանի քաղաքացիները, որոնք 18 տարեկան են դարձել, կարող են քվեարկել Հայաստանում բացված 2 հիմնական ընտրական տեղամասերում՝ Երեւանում Ռուսաստանի դեսպանատանը եւ Գյումրիի ռուսական գլխավոր հյուպատոսարանում:

Ռուսաստանի քաղաքացիները ընտրացուցակների մեջ են ընդգրկվում ներքին կամ արտասահմանյան անձնագիրը կամ հաշվառման վկայական ներկայացնելու դեպքում՝ քվեարկության օրը բանավոր դիմելով:

Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 մարդ: Նրանց թվում են՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունից առաջադրված Պավել Գրուդինինը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Վլադիմիր Ժիրինովսկին, «Յաբլոկոյի» հիմնադիր Գրիգորի Յավլինսկին, «Քաղաքացիական նախաձեռնութան» թեկնածու Քսենյա Սոբչակը, Աճի կուսակցության առաջնորդ Բորիս Տիտովը, «Ռուսաստանի կոմունիստների» առաջնորդ Մաքսիմ Սուրայկինը եւ «Ռուսաստանի հասարակական միության» թեկնածու Սերգեյ Բաբուրինը: