«Շարժական արագաչափերի գործարկման վերաբերյալ հայտարարությունից հետո առ այսօր ոչ մի բան չի փոխվել։ Ոչ մի խախտման մասին ահազանգ չենք ստացել։ Մենք նույնիսկ դրամական պարգև ենք խոստացել առաջին խախտման օրինակը ներկայացնողին, բայց կրկին ոչ մի արձագանք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ միայն այդ թեմայի շուրջ հումորներն են շատացել, մարդիկ փնտրում են այդ շարժական արագաչափերը, սելֆի են անում դրանց հետ։
Արտակ Խաչատրյանի խոսքով՝ որպեսզի այդ արագաչափերը արդյունք ունենային, հարկավոր էր, որ դրանք արտաքին տեսքով այնպես կահավորված լինեին, որ նկատելի լինեին։ «Եթե նպատակ է դրվել արագության նվազման դեմ պայքարելու, ավելի լավ էր՝ մեքենան նկատելի դարձնել, որ վարորդները, տեսնելով այդ մեքենան, զգաստանային։ Բայց ՃՈ-ն անցել է ծպտյալ վիճակի։ Չզարմանաք, եթե ժամանակ հետո այդ արագաչափերը թփերով ծածկեն, որ չերևա վարորդներին»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ ցավոք, այսօր շարժական արագաչափերը նպատակին չեն ծառայում և դարձել են ծաղրի առարկա։