«Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի անվան փողոցը անվանափոխելը տիկին Զառայի նոր զառանցանքն է»,- այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանը:

Նրա խոսքով՝ որևէ առաջարկ քննարկելու համար նախևառաջ պետք է հասկանալ, թե դա ո՞վ և ի՞նչ նպատակով է անում:

 

«Կթվարկեմ միայն նախորդ շաբաթ տեղի ունեցած մի քանի դրվագներ, որոնք ցույց են տալիս, որ այս առաջարկի հեղինակները պատրաստ են ֆեյսբուքի 100 լայքի համար 100 երես փոխել: Առաջին՝ այստեղ կանգնած, նախորդ նիստին տիկին Փոստանջյանը ներկայանում էր իբրև թե Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա Ծռեր»-ի համար մի շատ սրտացավ գործիչ: Իսկ անցած շաբաթ մենք ականատես եղանք, թե ինչպես էր նա ամեն օր ինքը ցեխոտում և թուլացնում այն փաստաբաններին, ովքեր դատարանում պաշտպանում են այդ մարդկանց:

Ցնդաբանությունը հասավ այն աստիճանի, որ Փոստանջյանն Ազատություն ռադիոկայանի եթերում հայտարարեց, թե փաստաբան Եգորյանն է մեղավոր «Հաց բերողի» մահվան մեջ, ինչին ի պատասխան, ի դեպ, Եգորյանի կինը բառացի նշեց, որ տիկին Զարուհուի որոշ տեղերը մրմռում է, քանի որ ժամանակին իրեն չեն թողել անդամակցի դիտորդական կազմակերպությանը: Այսինքն, երբ պետք է իրենց ընդդիմադիր կշիռը ավելացնել, «Երկիր Ծիրանի»-ն քսմսվում է «Սասնա Ծռեր»-ին, իսկ երբ հանուն նեղ անձնական շահերի պատրաստ նրանք ինչ-որ գործողությունն պետք է իրականացնեն՝ պատրաստ են թիկունքից հարված հասցնել օրվա կռիվ տվող իրավապաշտպաններին»,- ընդգծեց նա: 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ավագանու՝ մարտի 19-ի նիստի օրակարգում ընդգրկված էր Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցն  ԱՄՆ  նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ անվանակոչելը։ Այն օրակարգ էր բերել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։ 

Տեսանյութը՝ 1in.am