Սիսիան քաղաքի և շուրջ 30 գյուղական համայնքների միավորման արդյունքում ձևավորված Սիսիան խոշորացված համայնքի բոլոր համայնքներում ըստ առաջնային անհրաժեշտության խմելու ջրագիծ է անցկացվել, գազաֆիկացում է կատարվել, իրականացվել է որոշ ճանապարհների ասֆալտապատում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը։
«Սիսիանի խոշորացված համայնքում ներառվել է 30 համայնք և բոլոր համայնքներում միանման խնդիրներ են։ Դրանց վերաբերյալ ընդհանուր վերլուծություններ են արվել, և ըստ անհրաժեշտության խմելու ջրագիծ է անցկացվել, գազաֆիկացում է կատարվել և այլն։ Ըստ առաջնահերթության ամեն համայնքում խնդիրներին լուծումներ են տալիս»,- նշեց Արթուր Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Բռնակոթում, որը Սիսիանի ամենախոշոր գյուղական համայնքն է, համարյա բոլոր խնդիրները լուծված են՝ ճանապարհներն ասֆալտապատված, փողոցային լուսավորությունն ու գազաֆիկացումն իրականացված է։
«Այսօր մեկ խնդիր կա Բռնակոթում՝ դպրոցի վերանորոգումը։ Հարցն արդեն իսկ բարձրացրել ենք և առաջիկայում, կարծում եմ, կլուծվի»,- ընդգծեց Սիսիան խոշորացված համայնքի ղեկավարը։
Բռնակոթ համայնքում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացվել է «Դպրոցի խոհանոցի կառուցում» միջոցառումը։ Արդյունքում 72 աշակերտ այսուհետ կապահովվի ամենօրյա տաք սննդով և կբացվի խոհարարի աշխատատեղ։
«Ողջունում եմ ծրագիրը և շնորհակալ եմ WWF-Հայաստան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանին։ Այս խնդրի լուծումն, իսկապես, շատ կարևոր էր»,- շեշտեց Սարգսյանը։
Աշխատանքների արդյունքում կառուցվել է խոհանոց, խոհանոցի կոյուղագիծ, տեղադրվել են մետաղապլաստմասսե դռներ և պատուհաններ, կատարվել են ներքին էլեկտրամատակարարման աշխատանքներ։ Խոհանոցի համար ձեռք են բերվել սառնարան, սեղաններ, աթոռներ և էկետրասալիկ։