ԱԺ-ն 96 կողմ ձայներով միաձայն ընդունեց Հայաստանի տարածքում հրավառությունների իրականացման գործընթացը կարգավորվելուն ուղղված «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ու հարակից փաթեթը:
Նշենք, որ փաթեթով առաջարկվում էր, որ հրավառություն իրականացնող իրավաբանական անձինք դիմեն տեղական ինքնակառավարման մարմին, հրավառություն անելու թույլտվություն ստանալու համար վճարում կատարեն 50.000-300.000 դրամի սահմաններում: Ի դեպ, սահմանված կարգը խախտողների համար առաջին անգամ նախատեսվում է 1 մլն դրամի չափով տուգանք, երկրորդ անգամ՝ 2 մլն դրամի չափով:
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նշեց՝ թույլտվությունը տրվելու է տարեկան կտրվածքով, որից հետո հրավառություն կազմակերպողը կարող է այն իրականացնել այնքան, որքան ցանկանում է. «Հրավառության իրավունք կարող են ունենալ բացառապես իրավաբանական անձինք, ֆիզիկական անձինք նման իրավունք չեն ունենալու»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Կառավարությունը կսահմանի չափորոշիչներ՝ տարբերակելու համար, թե որոնք են կենցաղային հրավառությունները, և որոնք հատուկ նշանակության, այնուհետև կհստակեցվի վերահսկողությունը: