Ինչպես ավելի վաղ տեղեկաացրել ենք՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է կոպիտ խախտումներհոգեբուժարաններում: «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցի մասին խոսելիս ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, որ 2017 թ. արձանագրվել են բժշկական օգնության ոլորտի, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների, պահման պայմանների, նրանց նկատմամբ վերաբերմունքի հետ կապված կոպիտ, այդ թվում՝ համակարգային բնույթի խնդիրներ:


ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նշեց, որ ՄԻՊ-ի անդրադարձը վերաբերում էր նրան, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հատուկ ուշադրության կարիք ունեն և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից գտնվում են բավականին խոցելի վիճակում:

«Հայաստանը  մարդու իրավունքների տեսանկյունից թույլ կետեր ունի: Իրավապաշտպանական խմբերը հատուկ ուշադրության են արժանացնում նրանց, ովքեր գտնվում են քրեակտարաողական հիմնարկներում, հոգեբուժարաններում և, փաստորեն, հայտնաբերվում են լուրջ բացթողումներ հենց այդ մարդկանց իրավունքների պաշտպանության ոլորտում՝ պետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման տեսանկյունից:

Հոգեբուժարանները ևս այն հաստատություններն են, որտեղ հանրային վերահսկողությունը շատ ավելի դժվար է, սակայն բոլոր իրավապաշտպան խմբերը չէ, որ կարողանում են ունենալ հնարավորություն՝ հսկելու այնտեղ տեղի ունեցող գործընթացները: Սա հենց պատճառներից մեկն է, որ խախտումների հնարավորությունը մեծանում է: ՄԻՊ-ի գրասենյակը ուշադրություն է հրավիրում հենց այս խնդրին, որպեսզի ավելի մեծանա հանրային վերահսկողությունը փակ և կիսափակ հաստատություններում: Այցեր, ստուգումներ կատարվեն, ստեղծվեն վերահսկողական խմբեր, քանի որ այդ բացը կա»,- ասաց նա:

Անդրադառնալով ՄԻՊ-ի արձանագրած մի շարք խնդիրներին, հատկապես՝ ժամկետանց դեղերի և ֆիզիկական զսպման մեթոդների մասով, իրավապաշտպանը նշեց.

«Ինձ համար մտահոգիչ էր ժամկետանց դեղերի խնդիրը, որոնք փաստորեն մարդկանց օգնելու փոխարեն կարող են էլ ավելի վնասել: Մեթոդը, որը հարկադրված են կիրառել մարդու հոգեկան առողջությունը լավացնելու՝ հասարակությանը սպառնացող ուղիղ վտանգ է հանդիսանում»:

Իրավապաշպանի խոսքով՝ հոգեբուժարանները շարունակում են հանդիսանալ քաղաքական մահակ՝ անցանկալի մարդկանց նկատմամբ. «Երբեմն հոգեբուժարաններ են տարվում առողջական խնդիրներ չունեցող մարդիկ և հարկադրաբար ներարկումներ են կատարում: Դեպքը տեղի ունեցավ իրավապաշտպան Արմինե Առաքելյանի պարագայում, երբ նրան հարկադիր տարան հոգեբուժարան և ներարկումներ արեցին այն դեպքում, երբ այդ կնոջը ընդհանրապես որևէ ներարկում անել չէր կարելի, քանի որ հակացուցված էր: Հոգեբուժարանները շարունակում են քաղաքական մահակ հանդիսանալ անցանկալի մարդկանց նկատմամբ և այդ բռնությունների մեքենան տարածվում է նաև հոգեբուժարանների շրջանում»,- ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ ինքը կիսում է ՄԻՊ-ի կարծիքը և ողջ պատասխանատվությունը կրում է Առողջապահության նախարարությունը, որը պետք է կրի հիմնական բեռը: Առաջնային օղակը հենց Առողջապահության նախարարությունն է, իսկ մյուսներն ածանցյալ են: 

Սոնա Հարությունյան