Այսօր ԱԺ-ում արտահեստ նիստ է գումարվել։ Նիստերն առանց ընդմիջումների անցկացնելու ՀՀԿ-ի առաջարկը դրվեց քվեարկության և որոշվեց՝ ԱԺ-ն կաշխատի առանց ընդմիջման: Սակայն ընդդիմությունը դեմ հանդես եկավ:

Նիստի ընթացքում ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նիստերն առանց ընդմիջումների անցկացնելու ՀՀԿ-ի առաջարկին՝ նշելով, որ 35 օրինագիծ պարունակող փաթեթը քննարկվում է մեկ ժամանոց ընթացակարգով և առանց ընդմիջումների. «Ընդմիջումներն օգտագործվում են՝ հասկանալու համար, թե արված առաջարկներից որն է ընդունվել, որը չի ընդունել: Հիմա առաջարկներ կան, որ պարզվում է՝ հանձնաժողովների նիստերում ընդունվել է, հետո կառավարությունը դրանք մերժել է: Այսինքն, այս ընթացակարգով չենք հասցնում գլխի ընկել, թե ինչ է տեղի ունեցել նախագծերով»,- ասաց Փաշինյանը:

ԵԼՔ խմբակցության ղեկավարը նշեց՝ իրենք դեմ են առանց ընդմիջման ընթացակարգին:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ Վահրամ Բադասարյանը, նշեց, որ չեն շտապում և կարող են աշխատել ավելի երկար, մինչև սպառեն օրակարգում դրված հարցերի քննարկումները՝ առաջարկելով դնել առանց ընդմիջման ռեժիմը։