Լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե իբր «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում եւ կոնկրետ Գորիս քաղաքում վաճառել ու վաճառում է իր սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը, բազմաթիվ օբյեկտներ եւ այլն… խուսափում Սյունիք վերադառնալ…»:
 
HayNews.am-ի լրագրողը հեռախոսազրույց ունեցավ Սյունիքի երկարամյա մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ: Վերջինս լսելով հրապարակման մասին՝ միանգամից հակադարձեց. «Դա հերթական հերյուրանքն է եւ չի համապատասխանում իրականությանը: Իմ գիտակցական ողջ կյանքում անկախ իմ զբաղեցրած պաշտոնից, ապրել եմ Սյունիքիում, եղել սյունեցիների կողքին: Ոչ մի վայրկյան անգամ չեմ կտրվել Սյունիքի ու սյունեցիների հոգսերից: Թող Սյունիքից խուսափեն այն մարդիկ, ովքեր մարզն օգտագործում են որպես «խոպան» եւ ստացած ավարն ապահով տեղավորելու համար հարմար ու անվտանգ տեղ փնտրում:

Որպես սյունեցի եւ որպես ԵԿՄ Սյունիքի մարզային կառույցի նախագահ, պարբերաբար լինում եմ մարզի տարբեր բնակավայրերում, հանդիպում ոչ միայն ԵԿՄ անդամների, այլ նաեւ բնակիչների հետ, ովքեր ինձ են դիմում բազմաթիվ հարց-խնդրանքներով»:

Ս.Խաչատրյանի տեղեկատվությամբ՝ ինքը մարզում տնտեսական լուրջ ծրագրեր է իրականացնում, դրանց մեկնարկն արդեն տրված է, իսկ առաջիկայում դրանք առավել մեծ ծավալների կհասցվեն:

«Բացի այդ, ես ոչ մի վայրկյան սյունեցուն մենակ չեմ թողնի իր բազմաթիվ հոգսերի ու մտահոգությունների մեջ: Նորից եմ ասում՝ իմ սիրելի եւ պաշտելի սյունեցիների հետ դեռ երկար ճանապարհ ունեմ գնալու, դեռ շատ ծրագրեր ենք կյանքի կոչելու: Ի հեճուկս չկամեցողների, ես ապրում եմ ու շարունակելու եմ ապրել Սյունիքով, սյունեցիների հոգսերով»,- եզրափակեց Սուրիկ Խաչատրյանը: