Նախագահական նստավայրի դիմաց ակցիա է իրականացնում Գյումրիում սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը: Նա պահանջում է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից՝ վերականգնել խեղաթյուրված արդարադատությունը: 

Ռուզաննա Ադանալյանը ՀՀԿ-ի իր անդամատոմսը պատռեց և նետեց դեպի նախագահական նստավայրը և ասաց. «Որպես կուսակցական ընկեր՝ եկել եմ նախագահին հայտնեմ, որ հրաժարվում եմ այս տոմսից և անամոթություն եմ համարում լինել այս կուսակցության անդամը: Հասկացա, որ ՀՀԿ-ական բոլոր իրավապահ պաշտոնատար անձինք հանցագործներ են, անպատվաբեր է ինձ համար լինել հանցավոր կուսակցության ներսում»,- հայտարարեց նա: 

 

Թեժ վեճ էր սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև: Վերջիններս թույլ չտվեցին ակցիան իրականացնել նախագահանի շենքի մոտ՝ հորդորելով անցնել դիմացի մայթ:

Սակայն Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ քաղաքացին իրավունք ունի բացած պաստառով անցնել նախագահական նստավայրի մոտով. «Սկզբում չէին թողնում անցնել նախագահական նստավայրի մոտով, սակայն իրենց բացատրեցի, որ մենք դրա իրավունքն ունենք, քանի որ մեր ձեռքին ընդամենը պաստառներ են և պարզ երևում են դրանք: Այդ դեպքում մեծ պայուսակներով մարդիկ ինչպե՞ս են անցնում»,- պարզաբանեց փաստաբանը:

Նշենք, որ Ռուզաննա Ադանալյանն արդեն չորս տարի է՝ պայքարում է 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և արդարադատության կայացման համար: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գործով միակ ամբաստանյալին՝ Արթուր Մարտիրոսյանին, դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Ռուզաննա Ադանալյանը պնդում է՝ որդու սպանությունը եղել է խմբակային և ոչ թե մեկ անձի կողմից, ինչպես ներկայացված է քրեական գործում: Իսկ նախաքննական մարմինը կոծկել է ամեն ինչ և այսօր միայն մեկ անձ է պատիժը կրելու:

Տեսանյութը՝ a1plus.am-ի