Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը նոր, վերակառուցված շենք ունի: Այն շուտով կհյուրընկալի թատերասերներին' ներկայացնելով Աղասի Այվազյանի, Օսկար Ուայլդի, Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի և այլոց ստեղծագործությունների հիման վրա բեմադրված գեղեցիկ գործեր: Թատրոնի նվաճումների և խնդիրների մասին մարտի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Սաֆարյանը:
«Թատրոնը երկար տարիներ ակտիվ գործունեություն չէր ծավալում շենքի վթարային լինելու պատճառով: 2015-ին, երբ նշանակվեցի թատրոնի գլխավոր ռեժիսոր, թատերախումբն աշխատում էր մի դպրոցում, որը նույնպես վատ վիճակում էր գտնվում: Երբ Երևանից դերասանների էի հրավիրում մեզ մոտ խաղալու, չէին հավատում, որ կարող են նման պայմաններում գործունեություն ծավալել: Բայց կարողացանք երեք տարի աշխատել. նոր ներկայացումներ բեմադրվեցին, մասնակցեցինք փառատոնների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Սաֆարյանը:
Նա շեշտեց, որ շենքը վերակառուցվել է և շուտով կլինի դրա պաշտոնական բացումը: Ռեժիսորի խոսքով' 2008 թվականին թատրոնի ղեկավարությունը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: 2009-ին ընթացք է տրվել վերանորոգմանը: 2015-ի ՀՀ կառավարության ծրագրով որոշվել է 2016-2017 թվականներին վերակառուցել այն: Թատրոնի նոր շենքում երկու անգամ փակ դիտում է անցկացվել: Ներկայացվել է Օսկար Ուայլդի «Սալոմե» ստեղծագործության հիման վրա արված բեմադրությունը:
Չնայած վերակառուցված շենքին' այն զերծ չի մնացել մի շարք խնդիրներից: «Տարիների ընթացքում թատրոնից մի շարք հաստիքներ են կրճատվել. չկա դերձակ, չկա հսկիչ, կա մի բանվոր, մի հավաքարար: Մտածում ենք' ինչպե՞ս պահել նորակառույց և մեծ շենքը, երբ քիչ են աշխատողները»,-խոստովանեց ռեժիսորը:
Խոսելով հանդիսատեսի մասին' Արմեն Սաֆարյանն ասաց, որ կա ավելի քան 600 նվիրված թատերասերներ, ովքեր միշտ իրենց կողքին են: Նա շնորհավորեց բոլոր գործընկերներին թատրոնի միջազգային տոնի կապակցությամբ, որը նշվում է մարտի 27-ին: