Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը դիմավորեց 2018 թվականի գարունը։ Անուշի առաջին ներկայացումը մարտի 1-ին էր։ Ներկայացման PR հատվածն ապահովելու և գովազդային պաստառների, բուկլետների տպագրման համար Մայր թատրոնի գլխավոր դիզայներն օգտագործել էր նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանի  «Անուշն ու Սարոն» նկարը, սակայն չէր պահպանել հեղինակային իրավունքի պարտադիր նորմը և գովազդային պաստառների համար օգտագործել է նկարչի նկարն՝ առանց նշելու, թե ով է դրա հեղինակը։

Օպերային թատրոնի կողմից  հեղինակային իրավունքի կոպիտ խախտման դեպքին արձագանքել էր նկարչի կինը և  դիմել թատրոնի ղեկավարությանը՝ խնդրելով «Անուշ»-ի գովազդային պաստառների, տոմսերի և բուկլետների վրա ավելացնել օգտագործված նկարի հեղինակի անուն-ազգանունը։

 

Թե ինչ ժամկետներում է պատրաստվում օպերային թատրոնի ղեկավարությունը ուղղել արված սխալը՝ ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց պարզել թատրոնից: Մամուլի պատասխանատու Վահագն Զաքարյանը հայտնեց, որ կատարվածի վերաբերյալ քննարկում է եղել թատրոնի ղեկավարության հետ և որոշվել է սխալն ուղղելու համար մարտի 25-ին կայանալիք «Անուշ»-ի ներկայացման համար տպագրել նոր գովազդային պաստառներ և բուկլետներ, որոնց վրա անպայման նշված կլինի, որ «Անուշն ու Սարոն» նկարը պատկանում է նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանի վրձնին․ «Մենք անգամ մեր ֆեյսբուքյան էջում կհրապարակենք նկարչի մասին տեղեկություն։ Այս մասին արդեն նկարչի կնոջ հետ մեր գլխավոր դիզայները ձեռք  է բերել պայմանավորվածություն»,-վստահեցրեց մեզ Զաքարյանը։ 

Մարտի սկզբին արձանագրված խախտման մասին ԼՈւՐԵՐ.com-ը հրապարակում չարեց՝ սպասելով մարտի 25-ին կայանալիք «Անուշ»-ի ներկայացմանը և տված խոստումներին իրականացմանը։

Բայց արի ու տես, որ ասվեց մեկ բան, արվեց՝ ճիշտ հակառակը։ 

Պարզվում է՝ մարտի 25-ին կայացած «Անուշ»-ի ներկայացմանն ընդառաջ՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությունը որոշել էր ոչ թե սխալն ուղղել, այլ, պարզապես, ազատվել դրանից՝ այլ պաստառներ տպագրելու միջոցով։ 

Մարտի 25-ի ներկայացման համար չի օգտագործվել Ալեքսանդար Գրիգորյանի նկարը, ինչպես նախապես խոստացել էին, և չկա նաև որևէ ինֆորմացիա թատրոնի ֆեյսբուքյան էջում։ 

Հեղինակային իրավունքի խախտումն ուղղելու խոստումներ տրվել էին նաև Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջում, որտեղ նկարչի կնոջը շնորհակալություն էին  հայտնել օգտագործված նկարի հեղինակին բացահայտելու համար՝ խոստանաով ուղղել բացթողումը։

Ստորև՝ խոստումներն ապացուցող նկարները և  հեղինակային իրավունի մասին օրենքից մեկ հատված՝ Օպերային թատրոնի գլխավոր դիզայների համար․

«Արվեստի ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է այն ստեղծելու փաստի ուժով: Հեղինակային իրավունքի ծագման համար չի պահանջվում ստեղծագործության գրանցում կամ որևէ այլ ձևականություն: Հեղինակ է ճանաչվում այն անձը, ում անունը, որպես հեղինակ, նշված է ստեղծագործության վրա, կամ ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործությունը հրապարակելիս, կամ ում անունը որպես հեղինակ նշված է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունում կամ նոտարի մոտ կամ օրենքով համապատասխան լիազորություն ունեցող այլ կազմակերպություններում ի պահ հանձնված ստեղծագործության օրինակի վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։ Սույն դրույթը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ այդ անունը կեղծանուն է, և կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում»: 

 

 Աղավնի Սուքիասյան