Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արցախում աշխատող ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանը նշել է, որ Արցախի ոստիկանության ներկայացուցիչներն իրեն պարբերաբար տարել են ոստիկանության բաժին, որտեղ ծեծել ու հայհոյել են: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Ֆելիքս Հարությունյանն ասաց, որ սրա վերաբերյալ համացանցում զետեղված բոլոր նյութերն ուսումնասիրվում են, որից հետո օրենքով սահմանված կարգով կորոշվի` ինչ ընթացք տալ գործին:
«Նա հայտարարել է, որ դիմել է Հայաստանի Հանրապետության իրավապահներին, մասնավորապես՝ դատախազություն։ Հիմա դատախազությունը համապատասխան ուսումնասիրություններ կանի, կպարզի և հետո միայն, եթե կլինեն մեղավորներ, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության», - ասաց Հարությունյանը։
Հարցին՝ պարզե՞լ են՝ նման դեպք տեղի ունեցե՞լ է, թե՝ ոչ՝ Հարությունյանը պատասխանեց.
«Մենք մեր լիազորությունների սահմաններում ուսումնասիրություններ իրականացնում ենք, բայց ես ոչ մի մեկնաբանություն չեմ կարող տալ, քանի դեռ դատախազությունը զբաղվում է այդ հարցով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դատախազության պարզելուց հետո միայն իրենք համապատասխան ընթացք կտան։
Նշենք, որ սոցիալական ցանցերում մեծ իրարանցում է առաջացել Ասյա Խաչատրյանի մասին նյութի հետ կապված, որտեղ վերջինս պատմում է, որ Արցախի ոստիկանների ուշադրության դաշտում հայտնվել է փողոցում ծխելու ու մազերը կապույտ ներկելու պատճառով, որից հետո պարբերաբար հրավիրվել է բաժին ու ծեծի ենթարկվել:
«Եթե Ա.Խաչատրյանի պնդումները համապատասխանում են իրականությանը, ապա ԱՀ ոստիկանության տվյալ ծառայողների գործողությունները անընդունելի են և ենթակա են խիստ իրավական գնահատականի», - հայտարարել էր Արցախի ՄԻՊ-ը։