Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ խոսել են պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը թափանցիկ դարձնելու, հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակն ընդլայնելու անհրաժեշտության և պատրաստակամության մասին: Պարբերաբար և բավականին հաճախակի հրապարակվում են բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերը: Մարդիկ կարդում են, և հարցն այդքանով էլ ավարտվում է: Մինչ օրս հայտնի չէ գոնե մեկ դեպք, երբ իրավապահները հետաքրքրություն հանդես բերած լինեն այդ հայտարարագրերի հանդեպ: Հայտնի չէ գոնե մեկ դեպք, երբ պաշտոնյան բացատրություն տված լինի, թե ինչ ճանապարհով է ձեռք բերել իր միլիոններն ու հարստությունից պայթող պալատները: Եվ սա էլ դեռ կոչվում է հակակոռուպցիոն գործողություն, քանի որ գույքն ու եկամուտները հայտարարագրելու ամբողջ իմաստը հենց դա պիտի լիներ:
Ինչևէ, մեր հայրենի օլիգարխների հայտարարագրերին սրտատրոփ սպասող լրագրողներն այս անգամ մեծագույն հիասթափություն են ապրելու: Բանն այն է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքն իր հայտարարագրով է պատվել Սամվել Ալեքսանյանը: Հայտարարագրին ծանոթանալուց հետո ցանկություն է առաջանում համազգային դրամահավաք կազմակերպել Սամվել Լինինդրիչի համար: Իսկ պատճառն էլ այն է, որ խեղճուկրակ Սամվել Ալեքսանյանը, ըստ պաշտոնական տեղեկագրի՝ մի կերպ ծայրը ծայրին է հասցնում 3,004,000.00 դրամով, ընդ որում՝ այդ գումարից 2,204,000.00-ը Ալեքսանյանի աշխատավարձն է: Միայն թե այդ դեպքում Ալեքսանյանը մոռացել է լուսավորել հանրությանը, թե որ եկամատներն են դրան դասել դոլարային միլիոնատերերի շարքը: Բանն այն է, որ Ալեքսանյանը հայտարարագրել է ընդհանուր առմամբ 8,100,000.00 ԱՄՆ դոլար: Ընդ որում՝ ստացվում է, որ մի կերպ ծայրը ծայրին հասցնող Ալեքսանյանի եկամուտները նախորդ տարվա համեմատ նույնիսկ նվազել են: Նախորդ տարի հայտարարագրած գումարը կազմում 19,100,040.00 դրամ: Իսկ դոլարով հայտարարագրած եկամուտների չափը անփոփոխ է մնացել, ինչը նույնպես զարմանալի է, քանի որ Սիթիների շահույթը պետք է որ դրական ազդեցություն ունենար Ալեքսանյանի ֆինանսական դրության վրա:
Զավեշտը սակայն, այսքանով չի ավարտվում: Ալեքսանյանի հետ նույն ժամանակ հայտարարագիր ներկայացրած և որևէ բիզնես չունեցող Արփինե Հովհաննիսյանը, պարզվում է՝ ավելի հարուստ է, քան «Երևան Սիթի» և վերջինիս դուստր ձեռնարկություն համարվող «Կայզեր» սուպերմարկետների ցանցի, մոտ 7 դեղագործական ֆիրմաների, «Նատալի Ֆարմ» դեղատների խոշոր ցանցի, Փարվանա ռեստորանային համալիրի և բազմաթիվ այլ բիզնեսների սեփականատեր հանդիսացող Ալեքսանյանը: ԱԺ փոխնախագահի եկամուտները Սամվել Ալեքսանյանի եկամուտներին գերազանցում են ավելի քան 10 անգամ: Դատողությունները թողնում ենք ձեզ…
Ինչ ուզում եք՝ ասեք, բայց լավ է, երբ տանը միանգամից մի քանի պաշտոնյա կա։ Ունեցվածքի հայտարարագրերը լրացնելիս ոչ մի պրոբլեմ չի առաջանում։ Որտեղի՞ց այսինչ գույքը կամ փողը: Եղբայրս է նվիրել: Իսկ նրա՞ն որտեղից: Հայրն է նվիրել: Իսկ նրա՞ն: Ես եմ նվիրել, և այդպես շարունակ... Անգամ ստելու կարիք չկա։ Չէ՞ որ ունեցվածքի հայտարարագրում կարող ես նաև չնշել, թե կոնկրետ ով է նվիրել կամ ինչ նպատակով։ Նվիրել են և վերջ: Իհարկե, հանրությունը կզարմանա, ինչ-որ տեղ՝ նույնիսկ կապշի, բայց դա ո՞ւմ է հետաքրքրելու: Հաստատապես՝ ո՛չ անկեղծ և ամբողջական հայտարարագրեր ներկայացնող պաշտոնյաներին:
Ստելլա Խաչատրյան