Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն այսօր, լրագրողների հետ զրույցում խոսելով այս օրերին քաղաքական ուժերի կողմից ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարացման պայքարի մասին՝ նկատեց՝ իշխանությունում փոփոխություն կատարելու ձևը Սահմանադրությունում փոփոխություններ կատարելն է: 

«Ազգային ժողովի լեգիտիմության հարցը պետք է դնել: Օրակարգը Սահմանադրության հետկանչն է, դա է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու ձևը: Պետք է օրինական ճանապարհով հավաքել 200 հազար ձայն և իշխանությունում փոփոխություններ կատարել»,-նշեց Արշակյանը:

 

Արշակյանի խոսքով՝ ընդդիմադիր ուժերի պայքարը պետք է լինի ոչ թե անձի, այլ կոնկրետ ուժի դեմ. «Անձնավորելը կոպիտ սխալ է: Պետք է պայքարել ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ ու անընդհատ հիշեցնել, թե ինչ խոստումեր է նա տվել, ինչ է պարտավորվել և ինչ կանի: Դա, իհարկե, հետաքրքիր է, բայց քաղաքականության համար ավելի կարևոր է Հանրապետական կուսակցության կուրսը, քանի որ իշխողը հենց այդ կուսակցությունն է»,-ասաց նա:

Նրա կարծիքով՝ ՀՀ-ում այսօր ինչ որ տեղի է ունենում՝ բխում է Հայաստանի նոր կարգավիճակից՝ կապված 2013թ. սեպտեմբերի 3-ից Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությունից. «Եթե դրանից առաջ սոցիալիստական հանրապետություն էինք, ապա հիմա Հայաստանը բուֆերային զոնա է, որտեղ տնտեսություն, արդյունաբերություն, մշակույթ չի զարգանա: Այդ իմաստով, հետևաբար, կլինի և՛ արտագաղթ, և՛ սոցիալական ընկճվածություն, և՛ մշակույթի անկում»,- նկատեց Արշակյանը: