Ադրբեջանի իշխանությունները նախընտրական փուլում շարունակում են տարբեր ճանապարհներով ընդդիմադիրներին և օբյեկտիվ իրականությունը վեր հանող ընդդմիադիր մամուլին լռեցնելու գործողությունները: Շարունակում են արգելափակված մնալ մի շարք ընդդիմադիր լրատվական կայքեր:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանական ընդդիմադիր azadliq.info-լրատվական գործակալության կայքի խմբագիր Ռովշան Գաջիբեյլին հայտնել է, որ շարունակում են Ադրբեջանի տարածքում արգելափակված մնալ azadliq.org (Ազատություն ռադիոկայան), azerbaycansaati.com, meydan.tv, Turan.TV կայքերը:
«Վերոնշյալ կայքերն Ադրբեջանի տարածքում արգելափակվել են դեռևս 2017թ. գարնանը»,-նշել է Գաջիբեյլին:
Հատկանշական է այն հանգամանքը, որ այս կայքերն արգելափակվել են միայն Ադրբեջանի տարածքում, իսկ Ադրբեջանի սահմաններից դուրս օգտատերերը կարողանում են օգտվել կայքերից: Այս հանգամանքը վկայում է, որ կայքերի արգելափակումը հիմնականում ուղղված է Ադրբեջանի ներքին լսարանին օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից զրկելու նպատակին: