Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց օրերս «Բուրգեր Քինգ» սրճարանում տեղի ունեցած միջադեպը՝ սպառողների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների համատեքստում:
Նրա խոսքով՝ նման նախադեպ չէր եղել, բայց վտանգ ամեն օր կա. «Ես ամեն օր եմ վտանգ տեսնում: Մի անգամ անցնում էի Օպերայի դռան մոտով, մանր երեխաները կանգնած էին դռան մոտ, «Անուշ» ներկայացմանն էին եկել, ասացին մենք սկիզբը լսել ենք, դուրս ենք եկել, չենք կարողանում ներս մտնել, քանի որ դուռը փակ է: Նույն սխալը տեսանք նաև Կեմերովոյի դեպքում, երբ ինչ-որ հիմար գլուխ համարել էր, որ պետք է դուռը փակվեր, որի հետևանքով մարդիկ չէին կարողանում դուրս գալ շենքից»:
Անդրադառնալով «Բուրգեր Քինգ» սրճարանում տեղի ունեցած միջադեպին՝ Պողոսյանը նշեց, որ թերացել է և՛ բիզնեսը, և՛ վերահսկող մարմինը. «Ես ժամամակին եղել եմ սերտիֆիկացման հանձնաժողովի անդամ: Այն սերտիֆիկացնում է լաբորատորիաներին, որն էլ պատասխանատու է որակական հարցերին: Հարց է առաջանում՝ արդյո՞ք հիմա լաբորատորիաներն ունեն այն գործիքը, որը պետք է ստուգի՝ բալոնը գազի՞ է, թե՞ թթվածնի: Այդ գործիքը պետք է ներսից ֆոտոնկարահանի և պատերի որակը վերահսկի: Ես ժամանակին պահանջում էի՝ եթե չառնեին ու չտեղադրեին այդ գործիքը, հավատարմագրում չէին ստանա: Հիմա ո՞վ է հետևում սրան. եթե հետևեին՝ նման բան չէր լինի: Պարամետրերին հետևել է պետք: Թե՛ գազի, թե՛ թթվածնի բալոնը ստուգման պարբերականություն ունեն, և վրան վերջին ստուգման օրվա մակնշումը պետք է լինի»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ թեև այս օրերին ԱԻՆ-ը ձեռնարկել է ուսումնասիրություններ, բայց վստահություն չկա դրանց նկատմամբ. «Ինչո՞վ համոզված լինենք, որ գրագիտությամբ է արվել, ինչո՞վ համոզվենք՝ խոսքո՞վ, թե սպասենք, որ նորից նման դեպք լինի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ աշխատանքը կա կառույցների կողմից, բայց բավարար չէ:
Խոսելով դեպքի բացահայտման մասին, Պողոսյանը նկատեց՝ հույս չունի, թե դեպքը կբացահայտվի. «Ցավոք սրտի՝ օրինակը մեր աչքի առջև է: Երևանի կենտրոնում փուչիկներ պայթեցին, մարդիկ վնասվածքներ ստացան, բայց տեսանք, որ դա էլ ծածկվեց-գնաց, ոչ ոք չպատժվեց: Դա էլ հրապարակային էր, տեսախցիկների առաջ: Ես այնքան էլ լավատես չեմ այս հարցում: Ինձ չի հետաքրքրում պատիժը, ինձ հետաքրքրում է, թե որքանով ենք ապահովագրված, որ դա չի կրկնվի»,- ընդգծեց նա
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին՝ Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնը, կան 8 տուժածներ, ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Նրանցից մեկի՝ 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիճակը գնահատվել է ծանր: Նրան հաջողությամբ վիրահատել են:
Սոնա Հարությունյան
Տեսանյութը՝ news.am-ի