Նիկոլ Փաշինյան-Մարուքյան հակամարտությունը գնալով ավելի սուր զարգացումներ է ունենում. մասնավորապես, եթե դաշինքում առկա տարաձայնությունների մասին կարճ ժամանակ առաջ ԵԼՔ-ում խոսում էին շշուկով, կամ՝ կուլիսներում, հիմա, փաստորեն, հանդես են գալիս հրապարակավ՝ փոխադարձ մեղադրանքներով։

ԵԼՔ-ի՝  իրար հետ լիդերի տիտղոսը չկիսող պատգամավորներն արդեն բացահայտ են իրար քննադատում․ Փաշինյանը Մարուքյանին խորհուրդ է տալիս Սերժ Սարգսյանի ցանկությունների վրա չկենտրոնանալ, իսկ Մարուքյանն իր հերթին՝ շտապում է Փաշինյանի ճանապարհային քարտեզը որակել տրորված:

 

Անդրադառնալով ԵԼՔ-ում տիրող խմորումներին,ԵԼՔ-ի պատգամավոր Մանե Թանդիլյանն Ազատության հետ զրույցում նշեց. «Ես ուզում եմ հասկանալ՝ արդոք Նիկոլ Փաշինյանն ամբողջ ասուլիսի ժամանակ խոսել է միայն «Լուսավոր Հայաստան»-ի մասի՞ն, թե՞ նրանց թիրախում շարունակում է մնալ Սերժ Սարգսյանը: Ես հույս ունեմ, որ նրանց բոլոր նետերն ուղղված են լինելու Սերժ Սագսյանին, իսկ ինչ վերաբերում է հոդվածի մտքերին՝ ապա  արդյոք Նիկոլ Փաշինյանը ծանոթացել էր հոդվածի մտքերին և խորապես հասկացել էր՝ ինչի մասին է խոսքը։ Ես կարծում եմ, որ այստեղ՝ եթե չասեմ քաղաքական անգրագիտության, բայց հասկանալիության մասին է խոսքը»։

Մանե Թանդիլյանն իր այս տեսակետով կասկածի տակ դնելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական գրագիտությունը՝ ևս մեկ անգամ պնդեց, որ Փաշինյանի ընտրած փողոցային պայքարը հուսահատ ճանապարհ է և տալու է 0 արդյունք։ 

«Ճանապարհներ փակել՝ մենք տեսել ենք, հանրությունը փորձադաշտ չէ»,-ասաց Թանդիլյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանի որևէ ձևակերպում չի համապատասխանում իրականությանը։

Թե ինչպիսի զարգացումների ականատես կլինենք ապրիլյան ընտրություններից առաջ՝ պարզ կդառնա մի քանի օր անց, բայց որ ԵԼՔ-ն իր այս պահվածքով վերահաստատեց իշխանության պրոյեկտ լինելու հանգամանքը, փաստ է: 

Ընտրություններից առաջ մեր ընդդիմադիրները պարզապես ջուր լցրին իշխանության ջրաղացին։ 

Ընդդիմության կարոտ մնացինք․․․ 

Աղավնի Սուքիասյան