Ադրբեջանում գործող «Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտը հրապարակել է «Կրոնական միջոցների իրավական շրջանակը (գրականություն, առարկաներ, կրոնական բովանդակությամբ նյութեր), գործնական իրավիճակն ու առաջարկությունները»,-խորագրով զեկույցը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ուսումնասիրության հեղինակները նշել են, որ Ադրբեջանում կրոնական հարցերը կարգավորող օրենսդրական սահմանումները հակասում են ՄԱԿ-ի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի նորմերին:
Զեկույցի հեղինակները կոչ են արել փոխել կրոնի ազատության մասին օրենքը, որի նորմերը խիստ անորոշ են և թույլ են տալիս կամայական մեկնաբանություններ կատարել:
«Կրոնական գրականության արտադրության, արտահանման, ներմուծման, բաշխման և վաճառքի սահմանափակումները պետք է հեռացվեն: Կրոնական միջոցների անկախ փորձաքննությունը պետք է թույլատրվի»,-նշել են հեղինակները:
Առաջարկվել է նաև կրոնական օրենքից հեռացնել 167-2 հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կրոնական բովանդակության, կրոնական գրականության, աուդիո և տեսանյութերի ապօրինի արտադրության, տարածման, ներմուծման և վաճառքի համար:
Զեկույցի հեղինակները նշել են, որ այս հոդվածը հակասում է մարդու հիմնարար իրավունքներին: