Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի կենտրոն Շողակաթ գյուղում հիմնվել է 40 հեկտար ծիրանի այգի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, նորաստեղծ այգին կազմում է նախորդ տարում ստեղծված 10 հեկտար այգու շարունակությունը՝ արդեն զբաղեցնելով Արտանիշի թերակղզու հարավային հատվածի անմշակ եւ անօգտագործելի հողատարածքները: «Տնկվել են 12 հազար հատ 1 տարեկան ծիրանենու տնկիներ:
Աշխատանքները սկսվել եւ ավարտվել են այս տարվա մարտ ամսի ընթացքում: Պատրաստ է նաեւ կաթիլային ոռոգման համակարգը: «Կունենանք 10 հիմնական եւ մի քանի տասնյակ ժամանակավոր աշխատատեղեր: Նախորդ տարում հիմնած 10 հեկտար ծիրանի այգու կպչողականությունը կազմել է մոտ 90 տոկոս: Նախորդ ձմռան ցրտի պատճառով ցրտահարված մոտ 300 ծառի վերատունկ ենք արել, իսկ այգին փարթամ վիճակում է: Այգու ոռոգումն ապահովելու համար պետք է կառուցվի խորքային հոր, իսկ կարկտահարությունից բերքը պաշտպանելու համար պետք է ունենանք հակակարկտային հրթիռային կայան:
Երկու դեպքում էլ ակնկալում ենք ՀՀ կառավարության օժանդակությունը, ինչը, կարծում եմ, չի ուշանա: Մեր համայնքի ծիրանի այգու բերքը կհասունանա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, ճիշտ այն ժամանակ, երբ շուկայում արդեն վերջացած կլինի Արարատյան դաշտի եւ այլ մարզերի ծիրանի բերքը: Մենք այս ծրագրից լուրջ ու մեծ ակնկալիքներ ունենք»,-նշեց Սուլիկո Շուշանյանը:
Խոսրով Խլղաթյան